Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին լրագրողներին հայտնել է, որ 2017-ին բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել ավելի քան 28 176 դիմորդ: Նրանցից 1047 ոչ վրացալեզու դիմորդներն են, որոնց թվում են նաև հայերը:

41,5 հազար գրանցված դիմորդներից քննություններին ներկայացել է 39 հազար մարդ, իսկ նրանցից միայն 15 տոկոսը չի կարողացել հաղթահարել քննական արգելքը:

Միասնական ազգային քննությունները Վրաստանում անցկացվեցին հուլիսի 3-ից մինչև 26-ը: Քննությունները ընթացան երկրի շուրջ 22 քննական կենտրոններում:

«Ես գոհ եմ արդյունքներից, եթե նայենք վիճակագրությանը, ապա համեմատած անցած տարիների հետ, դրական միտում է նկատվում: Սա շատ լավ է… Սրտանց շնորհավորում եմ բոլոր ուսանողներին այս առթիվ: 39 հազար դիմորդից, ավելի քան 28 հազարը ուսանող են», – այս մասին հայտարարեց Մայա Միմինոշվիլին:

Ըստ վիճակագրության տվյալների 2017 թվականին Ախալքալաքի շրջանից վրացական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող դիմորդների թիվը կրկնապատկվել է: Ազգությամբ հայ դիմորդները քննություն են հանձնել 1+4 արտոնյալ ծրագրի շրջանակներում, իրենց մայրենի լեզվով՝ ընդհանուր ունակություններ և մաթեմատիկա առարկաներից:

Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին դրական է գնահատել 1+4 ծրագրի արդյունավետությունը և նշել.

«2013 թվականին հայ, ադրբեջանցի, օս և ափխազ ուսանողների թիվը կազմում էր 887, իսկ այս տարի նրանց քանակը հասել է 1004-ի»:

2016-2017 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանի 67 դպրոցներից դպրոցին հրաժեշտ տվեցին 827 շրջանավարտ, որոնցից 447 գրանցվել է, որպես դիմորդ վրացական բուհեր ընդունվելու նպատակով: Թե նրանցից կոնկրետ քանիսն է բուհ ընդունվել դեռ պարզ չէ:

Գոհար Գյուլմիսարյանն Ախալքալաքից 100 տոկոսանոց դրամաշնորհ է ստացել պետությունից և բարձրագույն կրթությունը կշարունակի Թբիլիսիի Բժշկական համալսարանում: Մեկ քննություն է հանձնել ընդհանուր ունակությունից, որն իր մեջ ներառում է մաթեմատիկան և լոգիկան:

«Ընդհանուր առմամբ դժվար չէր, բայց համեմատելով անցած տարվա թեստերի հետ բարդ էր, ես ավելի հեշտ էի պատկերացնում: Բառեր չեմ գտնում արտահայտելու զգացողություններս: 17 տարեկան եմ և սա իմ կյանքի առաջին մեծ հաջողությունն է: Ընդունվել եմ իմ ուզած համալսարանը, իմ ընտրած մասնագիտությամբ, կարծում եմ շատ կարևոր է սա», – jnews-ին պատմեց արդեն ուսանողուհի Գոհար Գյուլմիսարյանը:

Դիմորդները հարցերը ստանում էին էլեկտրոնային տարբերակով և պատասխանում էին նամակագրության տեսքով:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը այս նոր մեթոդը կիրառում է 2016 թվականից, որպեսզի կառավարությունը թեստերը տպելու համար մեծ գումարներ չծախսի արտասահմանում:

Աղունիկ Այվազյան