Հոգեբանական օգնության կարիք բոլորն են զգում կյանքի տարբեր փուլերում, սակայն միշտ չէ, որ մարդիկ կարողանում են այդ օգնությանը դիմել, պատճառները տարբեր են, կլինի դա մասնագետների պակաս, կարծրատիպեր, վախ՝ թե մեկ այլ բան: Թվարկված պատճառներից գրեթե բոլորը Ախալքալաքում կան, որոնց պատճառով շատ հաճախ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում երիտասարդները չեն ընտրում հոգեբանի մասնագիտությունը:
Jnews-ը զրուցել է ապագա հոգեբան Աննա Սեսաձեի և այս տարվա շրջանավարտ Վարդուհի Մանուկյանի հետ, ով նույնպես որոշել է դառնալ հոգեբան:
Աննան Ախալքալաքից է, սովորում է Վրաստանի ազգային համալսարանի 4-րդ կուրսում՝ ապագա հոգեբան է: Նա սկսել է հետաքրքրվել հոգեբանությամբ դեռևս 9-րդ դասարանից, երբ դասի ժամանակ նրանց բաժանել են մասնագիտական դերեր, Աննային բաժին է հասել հոգեբանի դերը: Դա այնքան է նրան հետաքրքրել ու գրավել, որ ընտրել է հենց հոգեբանի մասնագիտությունը:
«Հիմա սովորում եմ վերջին կիսամյակում, ծրագրում եմ բակալավրս ավարտելուն պես կրթությունս շարունակել կլինիկական հոգեբանության ուղղությամբ՝ նյարդահոգեբանություն բաժնում: Իմ կարծիքով, աշխատանք գտնելու և մասնագիտությամբ առաջ գնալու համար ավելի նպատակահարմար է մնալ Թբիլիսիում, քան վերադառնալ Ախալքալաք: Իհարկե, եթե ցանկություն լինի այնտեղ նույնպես կարելի է աշխատանք գտնել, բայց Թբիլիսիում հնարավորությունների սահմանն ավելի մեծ է»:
Ախալքալաքում և ոչ միայն, կա կարծրատիպ, եթե սովորել ես հոգեբանության բաժնում, ապա կարող ես թերապիաներ անել: Աննան ասում է՝ դա շատ մեծ և տարածված սխալ է: Եվ նմանատիպ սխալ տեղեկություններ շատ են տարածվում, օրինակ, այն որ հաճախ մարդիկ հոգեբանությունը շփոթում են հոգեբուժության հետ, կամ մտածում են, եթե հոգեբան է՝ կարող է աշխատել բոլորի հետ:
«Ես հոգեբանության մեջ մասնագիտանալու շատ մեծ պասիվություն եմ զգում երիտասարդների կողմից: Ախալքալաքում իմ ծանոթների մեջ չկան այնպիսի մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում սովորել այդ մասնագիտությամբ, հիմնականում ընտրում են տնտեսագիտությունը, իրավաբանությունը և այլն: Իմ խորհուրդն է, որ չվախենալ և չտրվել կարծրատիպերին, քանի որ հոգեբանությունն այն ասպարեզն է, որը ցանկացած վայրում անհրաժեշտ է, քանի որ մարդու կողմից արված ցանկացած քայլ, դա հոգեբանություն է»:
18-ամյա Վարդուհի Մանուկյանն Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղից է: Սովորել է գյուղի դպրոցում, ապա որոշել է կրթությունը շարունակել Թբիլիսիում՝ հոգեբանության ուղղությամբ: Նա այդ որոշմանը եկել է այն պատճառով, քանի որ, ըստ նրա շատերը ունեն հոգեբանի կարիք, սակայն մասնագետները քիչ են:
«Իմ շրջապատում շատերն են ինձ ասել, որ ես կարող եմ լավ հոգեբան դառնալ, բայց այդ որոշումը, իհարկե ինքս եմ կայացրել և իմ կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ կարողանամ կոտրել տարբեր կարծրատիպեր՝ մարդկանց լսելի դարձնել, որ հոգեբանի մոտ գնալու մեջ որևէ ամոթալի բան չկա: Նաև իմ փորձով պետք է ապացուցեմ, որ մեր շրջանում անհնար չէ այդ մասնագիտությամբ աշխատել»:
Վարդուհին իր խոսքում նշում է, որ իր շրջապատից շատերը ունեցել են հոգեբանական աջակցության կարիք, սակայն մասնագետի բացակայության պատճառով այդ խնդիրները չլուծված են մնացել:
«Սիրում եմ մարդկանց հետ շփվել, օգնել, լսել նրանց, իսկ այդպիսի հնարավորություն առավելագույնս տալիս է հոգեբանի մասնագիտությունը, որի միջոցով կկարողանամ օգնել շատերին»: