Վրաստանի բնակչության մեկ երրորդը տարված է մոլեխաղերով, և չնայած այն հանգամանքին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խաղամոլությունն արդեն ճանաչվում է որպես լուրջ հիվանդություն, այն Վրաստանում դեռևս նման կարգավիճակ չունի:
Այս ֆոնի վրա, վրացական բանտերում 3000 բանտարկյալից 856-ը մոլեխաղերի արդյունքում կատարված հանցագործությունների համար է ազատազրկված, բայց պետությունը դեռ չի կարգավորում այս ոլորտը:
Համաձայն «Մայրերն ընդդեմ խաղամոլության» հասարակական կազմակերպության ղեկավար Թամար Ջափարիձեի, իշխանությունները բացահայտորեն հովանավորում են խաղային բիզնեսի շահերը և լիովին պատասխանատու են հասարակության հետ կատարվածի համար:
«Վրաստանում 300,000 մարդ պարտքերի պատճառով տանիք է կորցրել, և դա հիմնականում պայմանավորված է ազարտային խաղերով, բայց պետությունը գործնականում մոռացել է այդ խնդիրը լուծել: Ելնելով դրանից՝ մենք ունենք հիմնավորված կասկածներ, որ կառավարությունը հովանավորում է այդ բիզնեսը: Դրանք արդարացվում են այն փաստով, որ այս ոլորտում իրականացվում են օտարերկրյա ներդրումներ, որոնց հնարավոր չէ նեղացնել: Այս պահին երկրում աճում է ինքնասպանությունների թիվը խաղային կախվածության հիման վրա, հատկապես երիտասարդների շրջանում», – ասաց նա:
Ըստ նրա, խնդիրն այնքան սուր է, որ շտապ ուշադրության կարիք ունի իշխանությունների և վարչապետի կողմից:
«Մեր կազմակերպությունը դիմում է ուղարկել Վարչապետին, բայց անցել է երկու ամիսև արձագանք չկա: Մենք կասկածներ ունենք, որ պետական պաշտոնյաներն իրենց անձնական հետաքրքրությունն ունեն Վրաստանում խաղային բիզնեսի հետագա ընդլայնման հարցում: Այս բիզնեսը վնասակար է և քաղաքական տեսանկյունից, քանի որ միջազգային գործընկերները բազմիցս ասել են մեր իշխանություններին, որ երկրում խաղային արդյունաբերությունը բավականաչափ թափանցիկ չէ: Եվ, իհարկե, այս բիզնեսը կործանարար է սոցիալական տեսանկյունից.
Բնակչությունը զանգվածաբար կորցնում է փողը՝ չնայած այն բանին, որ այդ գումարները չեն գնում որևէ սպառման կամ որևէ օգտակար իրերի գնման համար: Լուդոմանիան լուրջ հիվանդություն է, և պետությունը պետք է վերջապես ուշադրություն դարձնի դրան, քանի որ բոլոր խաղամոլները պոտենցիալ հանցագործներ են, և խաղային բիզնեսն ինքնին նպաստում է դրան: Այն բանից հետո, երբ խաղամոլները խաղալու համար վաճառում են այն ամենը, ինչ նրանք ունեն իրենք և իրենց հարազատները, նրանք սկսում են որսը ուրիշի ունեցվածքի վրա», – ասաց Թամար Ջափարիձեն:
Ըստ վիճակագրության՝ Վրաստանի 10 խոշորագույն ընկերություններից 6-ը ներկայացնում են խաղային համակարգերը: Ըստ Դրամախաղի և խաղերի կանխարգելման կենտրոնի ղեկավար Գուգի Բեսելիայի, երկրի բնակչությունը ավելի շատ ծախսում է ազարտային խաղերի վրա, քան սննդի վրա:
«Մենք ունենք պետության համար առանձնահատուկ պահանջներ, որոնց իրականացումը, իհարկե, չի լուծի խնդիրը, բայց գոնե մի փոքր կնվազեցնի դրա ծանրությունը: Մասնավորապես, պետք է արգելվի խաղային գովազդը, մինչև 21 տարեկան երիտասարդների խաղերին մասնակցելը, և այդ նպատակով անհրաժեշտ է խստացնել գրանցումները, որպեսզի անչափահասները չկարողանան առցանց խաղեր խաղալ այլ անձանց փաստաթղթերով: Բոլոր առցանց խաղային հաստատությունները պետք է գրանցված լինեն Քաղաքացիական ռեգիստրում, և խաղացողի տարիքը կարելի է վերահսկել տարբեր եղանակներով` անձնական համարով, լուսանկարով, որպեսզի անչափահասները չկարողանան օգտագործել տատիկների և պապերի փաստաթղթերը: Սա միայն այն միջոցառումների մի մասն է, որոնք կարող են իրականացվել, կան նաև մի շարք այլ մեթոդներ», – ասաց հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Ներկայումս Վրաստանում խաղային արդյունաբերության շրջանառությունը տարեկան 12 միլիարդ լարի է, և դա երկրի բիզնեսի ամենաարդյունավետ տեսակներից մեկն է:
Միևնույն ժամանակ, օրենսդրության անկատարության շնորհիվ, խաղային բիզնեսը բյուջե է վճարում տարեկան ընդամենը 338 միլիոն լարի, ինչը շատ ավելի ցածր է, քան պետք է լինի` հաշվի առնելով եկամտի մակարդակը և այս տեսակի գործունեության նվազագույն ծախսերը:
Ներկայումս խաղային բիզնեսն ամենամեծն է Վրաստանում, և երկրի ամենամեծ շրջանառությունն ունեցող 10 ընկերությունների շարքում 6-ը խաղային հաստատություններ են:
Նյութը՝ bizzone.info-ից