Այսօր, հունվարի 14-ին Ախալքալաքի թիվ 4 դպրոցի դիմաց՝ Աղմաշենեբելի փողոցի վրա արհեստական անհարթություններ են տեղադրվել: Դպրոցի աշակերտների ծնողները մոտավոր մեկ ամիս առաջ գրավոր դիմել էին համապատասխան մարմիններին՝ անհապաղ անվտանգության միջոցներ ձեռնարկելու համար:
Հունվարի 14-ին, «ՋավախԱվտոԳզա» շինարարական ընկերության աշխատակիցները երկու արհեստական անհարթություն կամ ժողովրդի լեզվով ասած՝ «պառկած» ոստիկաններ են տեղադրել, որպեսզի դպրոցներում դասապրոցեսն սկսվելուն ընդառաջ Դեմիրճյան դպրոցի աշակերտները կարողանան ազատ և անվտանգ տեղաշարժվել:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի Աղմաշենեբելի կենտրոնական փողոցի վերականգնումից հետո, թիվ 4 դպրոցի մոտակայքում, հաճախակիացել են ԱՃՊ-ները ու վրաերթերը: Թիվ 4 դպրոցի աշակերտների ծնողները դիմել են տարբեր հաստատություններ՝ խնդրանքով անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմանափակող ավտոճանապարհային նշաններ և արհեստական անհարթություններ տեղադրելու նպատակով:
Երեխաների անվտանգության մասին հոգ կտանեն, բայց ոչ հրատապ
Թիվ 4 դպրոցի աշակերտների ծնողները մտահոգված են երեխաների անվտանգությամբ
Դպրոցի մուտքից մոտ 100 մետր հեռավորության վրա է գտնվում լուսացույցը և հետիոտնային անցումը: Սակայն դասամիջոցներին խանութ շտապող երեխաները փողոցը հատելու համար մինչև լուսացույց չեն հասնում: Եվ փաստ չէ, որ բոլոր մեքենաները կանգ կառնեն կարմիր լույսի տակ:
Աշակերտների ծնողները հավաքական դիմումն ուղարկել էին պարեկային ոստիկանության ծառայությանը, Վրաստանի ավտոճանապարհների վարչությանը և Ախալքալաքի քաղաքապետարան: