Ինչպես անցան Ջավախքում խորհրդարանական ընտրությունները, խորհրդարանի լեգիտիմության և ազգային փոքրամասնություններին ուղղված մեղադրանքների մասին, «Վրացական երազանք»-ի ստացած ձայների բարձր տոկոսի հետ կապված, Jnews-ը զրուցել է Առնոլդ Ստեփանյանի հետ, ով «Համաքաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահն է: Այս կազմակերպությունը մինչ ընտրությունները և քվեարկության օրը դիտորդական առաքելություն է իրականացրել Ջավախքում։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով հինգ ընտրական սուբյեկտ հաղթահարել են հինգ տոկոսանոց ընտրաշեմը։ Դա «Վրացական երազանքն է», «Հանուն փոփոխությունների Մելիա, Գիրչի, Դրոա», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան-Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության», «Գախարիան հանուն Վրաստանի» կոալիցիան: Խորհրդարանում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունները որոշել են հրաժարվել իրենց մանդատներից, քանի որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

«Համաքաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան» կուսակցության նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ լեգիտիմության տեսանկյունից նոր խորհրդարանը լինելու է միակուսակցական, սակայն լեգիտիմ խորհրդարան։ Լեգիտիմության համար անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավոր, և «Երազանքը» ստացել է 89 մանդատ։

Ջավախքում ընդդիմությունը կարողացել է հավաքել ձայների ընդամենը 12-13 տոկոսը։ «Վրացական երազանքը» ստացել է ձայների մնացած 87-88 տոկոսը։

Առնոլդ Ստեփանյանի կազմակերպությունը Ջավախքում յուրաքանչյուր ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնում՝ ընտրություններից առաջ և ընտրությունների օրը։ Նա կարծում է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները Ջավախքում անցկացվել են ինչպես միշտ՝ վատ, սակայն Մառնեուլիի համեմատությամբ ավելի քիչ խախտումներով, բայց ոչ թե ընտրությունների ավելի բարձր որակի արդյունքում, այլ այն հանգամանքով, որ մրցակցություն չի եղել։

«Ընդդիմությունն անհրաժեշտ ուշադրություն չի հատկացրել, այնքան որքան անհրաժեշտ է Ջավախքում, ոչ բոլոր ընդդիմադիր կուսակցություններն են իրենց ցուցակներում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, և չգիտես ինչու կարծում էին, որ նրանց պետք է ձայն տային»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։

Խորհրդարանական ընտրություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հրապարակումից հետո սոցիալական ցանցերում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Ջավախքի հայաբնակ շրջանի բնակիչների հասցեին, որ «Վրացական Երազանքի»-ի հաղթանակի մեջ «մեղավոր» են ազգային փոքրամասնությունները։

«Համաքաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը, մեկնաբանելով ազգային փոքրամասնությունների հասցեին արված նման հայտարարությունները, ասում է հետևյալը.

«Դա ասում են մարդիկ, ովքեր քիչ են հասկանում այդ ամենից, կամ փորձում են մանիպուլյացիա անել, քանի որ խորհրդարանի մանդատները հաշվում են ոչ թե շրջաններում կուսակցությունների հավաքած տոկոսով, այլ երկրում ստացած ձայների ընդհանուր քանակով: Ջավախքի մեկ ձայնը հավասար է Կախեթիի մեկ ձայնին։ Ախալքալաքում «Վրացական երազանքի» օգտին տրված ձայներն ավելի քիչ են եղել, քան Թբիլիսիի Վակեի մի թաղամասում։ «Վրացական երազանքը» Վակեում ավելի շատ ձայն է հավաքել, քան Ախալքալաքում, իսկ Սաբուրթալոյում՝ ավելի շատ ձայն, քան Մառնեուլիում»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։