Ախալքալաքի մունիցիպալիտետում ավելի քան յոթ տարի է ոչ ոքի չի շնորհվում «Ախալքալաքի պատվավոր քաղաքացու» կոչում, բացի այդ, նախկինում այդ կարգավիճակին արժանացած անձանց անունները գրանցված չեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «պատվավոր քաղաքացիների» ցուցակ գոյություն չունի: Քաղաքում այս կարգավիճակը տրվել է հանգամանքների բերումով, միայն մի քանի հոգու, որոնց չեն գրանցել, և ոչ ոք հիմա չի հիշում այդ քաղաքացիների ճշգրիտ ցուցակը։
«Պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է այն անձանց, ովքեր հայտնի են քաղաքի առջև ունեցած իրենց ավանդով։ Այս պատվավոր կոչմանն արժանացած անձն որևէ պարտականություններ չունի։
2018 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը հաստատել է նոր բանաձեւ, ըստ որի շնորհվելու է պատվավոր քաղաքացու կոչումը։ Փաստաթղթի համաձայն, պատվավոր քաղաքացու կոչում կարող է շնորհվել ցանկացած ազգության ու քաղաքացիության այն անձին, ով զգալի ներդրում է ունեցել հասարակության զարգացման գործում։ Պատվավոր քաղաքացի կարող են դառնալ ինչպես գիտնականները, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ բժիշկներ, արվեստագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլն։
Այժմ, կոչում ստանալու համար, ցանկացողները պետք է անձամբ իրենք իրենց թեկնածությունը ներկայացնեն մունիցիպալ մարմիններին, կամ նրանց փոխարեն կարող է դա անել մեկ այլ անձ, ով այս կոչմանն արժանի է համարում տվյալ թեկնածուին։
«Ախալքալաքի օր» տոնին, որը տեղի ունեցավ վերջերս՝ այս տարվա սեպտեմբերի 3-ին, այս պատվավոր կոչմանը ոչ ոք չարժանացավ, իսկ ընդհանուր առմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր բանաձեւի հաստատումից հետո այս կոչումը ոչ մեկին չի շնորհվել: Դե իսկ մինչ այդ ում է շնորհվել եւ կոնկրետ ինչ արժանիքների համար, մունիցիպալիտետում որևէ տեղեկություն չկա։
Հարցին, թե ինչու ոչ մեկին «Ախալքալաքի պատվավոր քաղաքացու» կոչում չեն շնորհում, մանավանդ որ քաղաքը նշեց էր իր տարեդարձը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ ի դեմս քաղաքապետի և Սակրեբուլոյի նախագահի, պատասխանեցին, որ դրա համար կազմակերպչական մեծ աշխատանք է պահանջվում, իսկ նրանք «ուշ են մտածել այդ մասին», և չեն հասցրել քաղաքի օրվան ընդառաջ:
Jnews-ը տարբեր աղբյուրներից փորձել է ճշտել «Ախալքալաքի պատվավոր քաղաքացիների» ցանկը, սակայն կոնկրետ ցուցակ չկա, և տարբեր աղբյուրներից տեղեկությունների համեմատությամբ ներկայացնում ենք այն մարդկանց անունները, ովքեր միանշանակ ստացել են «Ախալքալաքի պատվավոր քաղաքացու» կոչումը:
Լեւոն Բիչախչյան, շինարար
Լևոն Սարգսյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ղեկավար
Հարություն Խաչատրյան, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր
Թումաս Չիվչյան, բարերար
Աշոտ Տաշչյան, բարերար:
Կարինե Խոդիկյան – դրամատուրգ, հրապարակախոս
Նշենք, որ պատվավոր քաղաքացու կոչում ստացած անձինք նաև կարող են զրկվել դրանից, «եթե այս բարձր կոչմանը անհամատեղելի գործողություններ կատարեն, որոնք կվարկաբեկեն վերջինիս որպես անձի, քաղաքացու եւ հասարակական գործչի»։