2017 թվականին Ախալքալաքի տեղական բյուջեից 40 000 լարի է հատկացվել քաղաքային փողոցների և գյուղական ճանապարհների լուսավորության ապահովման համար, սակայն քաղաքում լապտերների թվի ավելացում չի ենթադրվում:

Այսօրվա դրությամբ Ախալքալաք քաղաքում կա 1161 լուսակետեր, որոնցից մոտավոր հաշվարկով 120-ը չեն վառվում:

«Ուսումնասիրում ենք, թե որտեղ և քանի լուսավորության կետ չի վառվում, ջարդված է լապտերը և այլն և հատուկ արձանագրություն ենք կազմում, փոխանցում տվյալ աշխատանքներն իրականացնող ընկերությանը: Այս օրերին փչացած էլեկտրական լամպերը նորով են փոխարինվում», – ասաց Վարչության նախագահի քաղաքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Շրջանային վարչության կողմից հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց «Վլադիմիր Զարմարյան»-ը 29 231 լարիով: Էլեկտրոնային մրցույթը հաղթած ձեռներեցը պարտավորվում է 2017թ.-ի ապրիլի 4-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը, նորմալ լուսավորություն ապահովել: Նախատեսվում է մեկ տարվա կտրվածքով 800 էլեկտրական լամպ գնել, այս փուլում արդեն 300-ը գնված է:

poxoc

Ախալքալաք քաղաքի գրեթե 70 տոկոսն ապահովված է գիշերային լուսավորությամբ և քաղաքի զարգացման պլանի մեջ է ներառված Նոր հողեր կոչվող թաղամասի թվով 5 փողոցները, Ռուբեն Տեր Մինասյանի անվան փողոցը և երեք բազմահարկ շենքերի բակերը: Չնայած որ քաղաքի մեծ մասն ապահովված է գիշերային լապտերներով, սակայն դրանք շատ թույլ են և չեն ապահովում նորմալ լուսավորություն:

Բնակիչները դժգոհում են և նշում, որ քաղաքը չի կարելի լուսավորված համարել. «Գլխավոր փողոցներում վիճակը խայտառակ է, լուսավորություն չկա, այնքան թույլ է էլեկտրական լամպը վառվում, որ ճրագից էլ քիչ լույս է տալիս: Մեր քաղաքում կյանքը մարում է, մայրամուտի հետ»,- ասաց 29-ամյա Արմենը, ով չցանկացավ նշել ազգանունը:

Առաջին հայացքից բավականին շատ են քաղաքի փողոցներում վառվող լուսակետերը, սակայն դրանից քաղաքի թույլ լուսավորության խնդիրը չի լուծվում:

«Հիմա, որ նոր լամպ ենք դնում, փչացածների փոխարեն, դրանք բարձրավոլտ են և դրանց լույսի տարածման շրջանակը շատ մեծ է: Հների հետ համեմատած տարբերությունը երևում է, հատկապես, երբ երկու լուսակետերի մեջտեղում գտնվում է նորը: Փուլ առ փուլ բոլորը կփոխենք», – ասաց Արմեն Խաչատրյանը:

Ավելացնենք, որ Ախալքալաքի շրջանի գյուղական ճանապարհները ևս մասամբ լուսավորված են: Ընդհանուր առմամբ մոտավորապես 410 գիշերային լապտեր կա տեղադրված, որոնցից 61-ի էլեկտրական լամպերը փչացած են, իսկ 10-ը՝ ջարդած:

Աղունիկ Այվազյան