Երաժշտական տեխնիկայի «Music House» խանութը հաղթել է տենդերը՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցը նոր, թվային գործիքներով և այլ ատրիբուտներով համալրելու համար: Մի մասն արդեն հասցվել է դպրոց, իսկ մնացածը` 2 ամսվա ընթացքում:
Սեպտեմբերի 16-ին կայացավ տենդեր՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցի համար նոր երաժշտական գործիքներ գնելու համար: 10 500 լարիի չափով հայտարարված տենդերը նույն գումարով հաղթել է Թբիլիսիի Music House երաժշտական գործիքների խանութը:
Խանութի ներկայացուցչի խոսքով՝ գործիքների մի մասն արդեն հասցվել է դպրոց, մնացածը պետք է բերվի 2 ամսվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տրամադրել 4-5 թվային դաշնամուր, ինտերակտիվ գրատախտակ(IWB), պրոեկտոր, թվային ռոյալ, գործիքների կարգավորելի աթոռներ և այլն: Գործիքների ճշգրիտ քանակը և անվանումները նշված են մրցութային պայմանագրում:
Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունը պատրաստ է նոր գործիքները ստանալուն: Նոր գործիքներն օգտագործելու համար մասնագետները պետք չեն, և ներկայիս դասախոսական կազմը բավականին կոմպետենտ է այս գործիքների հետ աշխատելու համար:
«Մենք, իհարկե, շատ գոհ ենք նոր գործիքներից և շնորհակալ ենք նախագծի նախաձեռնողներին: Իհարկե, մենք պարբերաբար լարում և հետևում ենք մեր գործիքներին, բայց դրանք արդեն բավականին հին են, մեր դպրոցը շուրջ 70 տարեկան է», – մեկնաբանեց տնօրենը:
Նա նաև նշեց, որ թվային գործիքները՝ և դրական, և բացասական կողմեր ունեն: Տարբեր ինտերակտիվ գործառույթները ծառայում են ստեղծագործական նպատակների, բայց էլեկտրոնային գործիքի ձայնը մեծապես տարբերվում է ակուստիկից:
«Յուրաքանչյուր դաշնակահար առանձնանում է իր տուշեով, այսինքն` իր հնչողությամբ, որին կարելի է հասնել միայն «կենդանի», ակուստիկ գործիքով: Թվայինի դեպքում ձայնը նույն մակարդակի վրա է հնչում ցանկացած ստեղին սեղմելու դեպքում», – կիսվեց Սվետլանա Կարոյանը:
Նախագիծը, որը հնարավորություն կտա երաժշտական դպրոցին համալրվել նոր, ժամանակակից գործիքներով, գրել է դպրոցի ուսուցիչ Լյուսի Չոբանյանը: Գլխավոր հովանավորը՝ LAG-ը նախագիծը ֆինանսավորում է 65% -ով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնել են համաֆինանսավորումը:
Ամալյա Բաբայան