Գումբուրդո գյուղում բարերարների նախաձեռնությամբ ու միջոցներով նոր դպրոց է կառուցվում: 20 տարի ակումբի վթարային շենք հաճախելուց հետո, գումբուրդոցիները կսովորեն եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոցում:
Ծնունդով ջավախքցի 5 բարերարներ միացել են և որոշել Գումբուրդո գյուղի համար նոր դպրոց կառուցել: Նոր դպրոցի շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Դպրոցը նախատեսված է 392 աշակերտի համար: Այն լինելու է երկհարկանի, տիպային դպրոց մարզական բոլոր հարմարություններով հագեցած՝ մարզական գույքից մինչև տարբեր մարզադաշտեր: Դպրոցը զբաղեցնելու է 1700 քառակուսի մետր տարածք: Շենքի սեսմակայունությունը 10 բալ է լինելու:
«Բարերարները քաջատեղյակ էին մեր դպրոցի վիճակի մասին: Տեսան, որ պետությունն առաջիկա տարիներին չի նախատեսում դպրոց կառուցել: Նախաձեռնեցին դպրոցի շինարարությունը: Նրանք չեն ուզում, որ իրենց անունները հրապարակվեն, կարևորը գործն է: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թ.-ին, բարերարները ուզում են 2016-ին, իհարկե դա ռեալ չէ»,- ասաց դպրոցի շինարարական աշխատանքների պատասխանատու՝ ինժեներ-շինարար Միսակ Կուրղինյանը:
Այս տարի մինչև ցրտերն ընկնելը նախատեսվում է ավարտել դպրոցի հիմքերի շինարարությունը: Նոր դպրոցի շինարարությունն ամբողջությամբ մոտավոր հաշվարկներով կարժենա 3 մլն դոլար:
«Շինարարության վրա 23 հոգի են աշխատում, այս տարի միայն բետոնի գործերը վերջացնենք, ինչքան եղանակը թույլ տա: Եթե եղանակը թույլ տվեց նախատեսել ենք նաև առաջին հարկի հիմնական պատերը կառուցել»,- ասաց շինարարության պատասխանատու Միսակ Կուրղինյան:
1997 թվականին, Գումբուրդո գյուղի դպրոցը հրդեհվել է, և այդ ժամանակվանից դասերն ընթանում են գյուղի ակումբի շենքում: Այսօր ակումբի վթարային շենք են հաճախում 342 աշակերտ:
Դպրոցի նոր շենքի շինարարությունը ավարտելուց հետո բարերարներն այն կփոխանցեն Վրաստանի Կրթության և Գիտության նախարարությանը:
Պետական միջոցներով այս տարի հիմնովին նոր կառուցվել է Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի դպրոցը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Ախալքալաքի շրջանի թվով 8 դպրոցներում: Նոյեմբեր ամսից նախատեսվում է սկսել Կարտիկամ գյուղի դպրոցի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Այդ աշխատանքների իրականացման համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է: Իսկ գարնանը նախատեսվում է վերանորոգում քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4-րդ դպրոցում:
Աղունիկ Այվազյան