Թբիլիսիի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել այն, որ մայիսի 2-ից ուսումնական գործընթացքը նախատեսվում է լսարաններում անցկացնել: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Վրաստանում եռակի անգամ թանկացել են վարձով բնակարանների վճարները:
Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2022 թվականի մայիսի 2-ից՝ հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը և գործող կանոնակարգերը, ուսումնական գործընթացը նախատեսվում է անցկացնել լսարաններում ամբողջական հաճախումների ձևաչափով:
Ուսանողները համալսարանին մեղադրում են իրենց շահերն անտեսելու մեջ և պահանջում են, որ այս տարի այն ուսանողները, որոնք չեն կարող հաճախել դասերին, թույլ տան ուսումը շարունակել առցանց ռեժիմով: Պատճառն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրների, ինչպես նաև Բելառուսի քաղաքացիների մեծ հոսքը երկրում անշարժ գույքի վարձակալության ոլորտում գների բարձրացման պատճառ է հանդիսացել, արդյունքում Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող, սակայն Թբիլիսիում սովորող ուսանողները չեն կարողանում տուն վարձակալել:
Բացի այդ, ուսանողներից շատերը կորոնավարակի ընթացքում պայմանագրային հիմունքներով աշխատանքի են անցել՝ համատեղելով ուսուցումն օնլայն ձևաչափով և հիմա նրանք կանգնել են խնդրի առաջ:
Ախալցիխեի շրջանից Հռիփսիմե Փանչոյանը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի է: Ինչպես նրա, այնպես էլ իր համակուրսեցիների համար շատ բարդ է այս պահին տեղափոխվել մայրաքաղաք, երբ կիսամյակի ավարտին ընդամենը 2 ամիս է մնացել:
«Երբ տեղեկացա, որ հնարավոր է մայիսից վերադառնանք լսարաններ, սկսեցի վարձով տուն փնտրել, բայց մինչև օրս չեմ գտել, շատ բարձր գին են պահանջում կամ էլ մերժում են՝ իմանալով, որ ուսանող եմ և 2-3 ամսով եմ ուզում վարձակալել: Շատ լավ կլիներ, եթե համալսարանը մեզ ընտրության հնարավորություն տար»:
Հռիփսիմեի հետ համակարծիք է նաև Արմինեն: Նա Ախալքալաքից է, ով նույնպես կանգնել է նույն խնդրի առաջ:
«Ճիշտ է, առկա ուսուցումը ինձ համար ավելի նախընտրելի է, սակայն բնակության հարցը մնում է դեռևս անորոշ: Եթե պատերազմից առաջ հնարավոր էր 400-500 լարիի սահմաններում բնակարան վարձել, հիմա գները տատանվում են 1000-1200 լարիի սահմաններում»:
Խաթունան Աբխազիայից է, հիմա նա Թբիլիսի է տեղափոխվել աշխատելու նպատակով: Նրա համար խնդիր է ոչ թե հարմար գնով վարձով տուն գտնելը, այլ աշխատանքը:
«Պատերազմը պատճառ հանդիսացավ, որ ամեն ինչ թանկանա: Աբխազիայում շատերը վաճառքից էին եկամուտ ստանում, այս ամենը դժվարությունների պատճառ դարձավ հատկապես ուսանողների շրջանում: Վարձով բնակարանների գները մի քանի անգամ թանկացել են և այս ամենից ելնելով ցանկանում են, որ այս կիսամյակն ավարտենք առցանց ռեժիմով»:
Մեգին ևս ԹՊՀ-ի ուսանողուհի է և այս պահին գտնվում է օկուպացված տարածքներում:
«Իհարկե ցանկանում եմ, որ դասերը սկսվեն, բայց սեպտեմբերից վերադառնանք լսարաններ, գոնե ընտրության հնարավորություն տան, որ կարողանանք այս կիսամյակն ավարտենք այսպես: Իրականում չեմ կարող 2 ամսվա համար տուն վարձել, քանի որ կարճ ժամանակով վարձակալությամբ բնակարան չեն տալիս»:
JNEWS-ն փոքրիկ ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ անշարժ գույքի գնման և վարձակալության տարբեր կայքերում և սոցցանցերում տեղադրված հայտարարություններում վարձակալությամբ տրվող տների և բնակարանների գները շեշտակի բարձրացել են: Ուսանողների համար դրանց վարձակալումն ավելի է բարդացել, քանի որ մեծ մասամբ տան սեփականատերերը խուսափում են կարճ ժամանակով վարձակալության տալ:
Մենք կապ հաստատեցինք անշարժ գյուքի ոլորտում աշխատող միջնորդի (բրոքերի) հետ, ով Ռուսաստանի մի քաղաքացու առաջարկել էր տարբեր բնակարաններ 400-ից 800 դոլլարի սահմաններում, իսկ երբ մենք նշեցինք, որ բնակարան ենք փնտրում ուսանողի համար, նա պատասխանեց, որ չկա, իսկ եղածներն էլ բարձր գին ունեն և վարձակալության է տրվում նվազագույնը 6-ամսյա ժամկետով:
Լիդա Ալմասյան