Մոտ մեկ ամիս է սկսվել է ուսուցիչների մասնագիտական զարգացման թրեյնինգները, որոնք ուսուցչին վերապատրաստում են աշակերտակենտրոն ուսուցման և կրեդիտ-միավորներ ստանալու հնարավորություն են ընձեռնում ավագ ուսուցչի մակարդակ ստանալու հարցում:

«Հազարամյակի մարտահրավեր Վրաստան-Ուսուցիչ» ծրագրի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 30-ին, որը ուղղված է մանկավարժների մասնագիտական զարգացմանը ոչ վրացալեզու ուսուցիչների համար:

Նախագիծը նպատակ է հետապնդում բարելավել դպրոցական ուսուցման մակարդակը: Մանկավարժների վերապատրաստումն անցկացվում է Ախալքալաքում, Նինոծմինդայում, Բոլնիսում, Գարդաբանում և Մառնեուլում:

Սա եզակի հնարավորություն է Վրաստանի ոչ վրացալեցու դպրոցների մանկավարժների ու տնօրենների համար, ովքեր առաջին անգամ մասնագիտական զարգացման դասընթացներ են անցնում իրենց մայրենի լեզվով:

«Ծրագիրը կոչվում է «Աշակերտակենտրոն ուսուցում», այսինքն սա լրիվ նոր մոտեցում է, որպեսզի մեր դասավանդումը աշակերտների վրա ուղղված լինի: Դասը պետք է կառուցենք այնքան հետաքրքիր, որ աշակերտները մոտիվացված լինեն, ավելի հետաքրքրված կրթությամբ: Առաջվա մեթոդները, երբ դասարանում առաջնային դերում հենց դասատուն էր, հիմա պետք է փոխվի, աշակերտի վրա հիմնված լինի: Դրա համար պետք է աշակերտի ներքին և արտաքին աշխարհն ուսումնասիրենք, և ամեն մի դետալը, թե ինչպիսի աշակերտ է մեր դիմաց կանգնած», – ասաց սերտիֆիկացված թրեյներ Լեյլա Ավագյանը:

Հատուկ հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների մանկավարժների համար նախատեսված այս ծրագիրն անցկացվում է 3 մոդուլով, այժմ ընթացքի մեջ է առաջին մոդուլի թրեյնինգները: Այս փուլերից հետո արդեն կսկսվի առարկայական խմբերի վրա աշխատանքը:

2017-2019 թվականների ընթացքում չսերտիֆիկացված բոլոր մանկավարժները, որոնք դասավանդում են 7-12 դասարաններում, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, անգլերեն լեզու և աշխարհագրություն առարկաները պետք է մասնակցեն այս ծրագրին: Վրաստանի 213 հանրակրթական դպրոցների տնօրեններ և 2 177 մանկավարժներ ծրագրի շրջանակներում մասնագիտական զարգացման վերապատրաստում կանցնեն:

trening1

Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի ուսուցչի կարծիքով, սա շատ լավ հնարավորություն է մանկավարժների համար, նախ միմյանց ճանաչելու և նորագույն մեթոդներով դաս վարելու տեսանկյունից:

«Աշակերտակենտրոն միջավայրի ուսուցման բնութագրումն է: Մեզ ավելի է ակտիվացնում, որպեսզի կարողանանք ավելի լավ դաս վարենք: Ինչպես խմբակային աշխատանքներ, նախագծեր անենք: Աշակերտակենտրոն այնպիսի հմտություններ ենք սովորում, որը մեզ շատ է օգնում դասերի ընթացքում, օրինակ նախագիծ թեման, երբ մենք անցկացնենք դպրոցում, ինչ պլաններ պիտի կատարենք: Նախագիծ ասում էին, ես լավ չէի հասկանում, բայց հիմա շատ լավ պատկերացում ունեմ: Հետագայում ավագ ուսուցիչ դառնալու ժամանակ էլ որոշակի բալեր են գումարվում մեր հավաքած կրեդիտներին», – ասաց մաթեմատիկայի ուսուցիչ Անժիկ Այվազյանցը, ավելացնելով, որ նաև եզակի հնարավորություն է շրջանի մաթեմատիկների համար, միմյանց հետ ծանոթանալու, շփվելու, քննարկելու համար:

Եթե աշակերտը խնդիր ունի, ապա ուսուցիչը պարտավոր է դա իմանալ, որպեսզի պարզի թե ինչու է դասն անհետաքրքիր տվյալ երեխային: Ուսուցիչը պարտավոր է ուսումնասիրել աշակերտի ներքին ու արտաքին աշխարհները, սոցիալական վիճակը, հասարակությունում առկա կարծրատիպերը և ըստ այդմ վերլուծություններ անի և հասկանա աշակերտի պահվածքի բուն պատճառը: Դրանից հետո նոր աշխատանք տանի այդ ուղղությամբ, ինչպես կարող է այդ ամենը փոխել:

«Այսօր հնարավորությունները շատ են, ուսուցիչները պետք է բոլոր գործիքները օգտագործեն աշակերտակենտրոն ուսուցման ժամանակ, համակարգիչ, ինտերնետ, ֆլիպչարթներ, գիրք և այլն: Ամեն ինչ կարող է ռեսուրս դառնալ, սա շատ մեծ ռեսուրս է, բայց հեռու գյուղերը նման հնարավորություն չունեն, սա ևս պետք է հաշվի առնենք: Ուսուցիչը աշակերտին իրեն հավասար հարթության վրա պիտի ընկալի, աշակերտին ավելի ակտիվացնի», – բացատրեց Լելյա Ավագյանը:

Տվյալ ծրագրի շրջանակներում ուսուցիչները կսովորեն մասնագիտական ​​զարգացման մեթոդներն ու ​​հմտությունները: Վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքները թույլ կտան նրանց հետագայում ավելի արդյունավետ ուսուցում իրականացնել դպրոցում:

Մոդուլի մեջ ներկայացված մոտեցումները և մեթոդները թույլ կտան մասնակիցներին սովորել ուսման գործընթացը, բարձրացնել բարձր մակարդակի մտածողության հմտությունների զարգացումը, գործնական հմտությունների խորը գիտելիքները: Մոդուլի նպատակն է նաև տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների ինտեգրումը ուսուցման գործընթացում:

Աղունիկ Այվազյան