Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարները հանդիպել են Աբուլ գյուղի բնակիչների հետ: Լարված հանդիպման արդյունքում պետպաշտոնյաներն ու Աբուլ գյուղի բնակիչները եկել են փոխհամաձայնության:
Առավոտվանից Աբուլ գյուղի ավելի քան 70 բնակիչ հավաքվել էին գյուղի ակումբում՝ հանդիպելու քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ: Գյուղացիների հետ հանդիպել են՝ մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեն, Սակրեբուլի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլք:
Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում: Հանդիպման ընթացքում Գոռ Երիցյանը, ելույթ ունենալիս գյուղացիների անունից, պահանջեց պատասխանել այն հարցերին, որոնք տրվել էին դեռ դեկտեմբերի 5-ին, «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի շտաբում կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները հավաքվել էին արտահայտելու իրենց բողոքը: Նրանք տեղական իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել իրենց գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այդ հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և ուրիշներ:
Այդ ժամանակ Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները գյուղացիներին խորհուրդ տվեցին սպասել և պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել՝ իրավիճակը ուսումնասիրելու նպատակով:
Դրանից հետո՝ դեկտեմբերի 18-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղի բնակիչները երկրորդ անգամ գնացին քաղաքապետարան՝ իրենց պահանջների պատասխաններն ստանալու նպատակով: Նրանք հանդիպել էին փոխքաղաքապետերի հետ, բայց այդպես էլ չէին ստացել ոչ մի կոնկրետ պատասխան:
Գյուղացիների խոսքով՝ գյուղում առկա բազմաթիվ խնդիրներից հույժ կարևորը ջրի խնդիրն է, ինչպես ասում են տեղացիները՝ «Պաղաղբյուրների» հարցը:
Աբուլ գյուղի բնակիչները զարմացած են, որ իրենց սառնաղբյուրից ջուր են քաշում Խորենիա գյուղ, մինչդեռ Աբուլում խմելու ջուր չկա:
Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվեց «Պաղաղբյուրների» հարցը, գյուղացիները մասնավորապես պահանջեցին, որ իշխանությունները գրավոր տեղեկացնեն բնակիչներին, որ ջրի աղբյուրի հարցը փակված է, և իրենք չեն պատրաստվում այս ջուրը տալ որևէ մեկին:
Քաղաքապետը հավաստիացնում էր, որ աշխատանքներն արդեն դադարեցվել են, բայց գյուղացիներն, իրենց հերթին, պնդում էին, որ աշխատանքները դադարեցված են, քանի որ արդեն ձմեռ է, և չեն կարող շարունակել, և պահանջում էին գրավոր հայտարարել, որ «իրենց ջրին չեն դիպչի»:
Իշխանությունների ներկայացուցիչները գյուղացիներին առաջարկեցին միասին գտնել այլընտրանքային լուծում, բայց ոչ բոլոր գյուղացիները համաձայնեցին դրան:
Երկար քննարկումից հետո, վերջապես, իշխանությունները և Աբուլ գյուղի բնակիչները եկան ընդհանուր հայտարարի:
Աբուլ գյուղի բնակիչները պետք է պաշտոնապես հայտարարություն գրեն քաղաքապետին` խնդրելով նրանց չդիպչել իրենց «Պաղաղբյուրներին»:
Քաղաքապետն էլ իր հերթին խոստացավ հնարավորինս շուտ պատասխանել:
Ըստ քաղաքապետի՝ աշխատանքներն արդեն դադարեցված են և չեն շարունակվի այնքան ժամանակ, մինչև չլուծվի Խորենիա գյուղի բնակիչների աղբյուրի հարցը և վերջինս ևս մեկ անգամ գյուղացիներին առաջարկեց միասին գտնել այս հարցի լուծումը:
Աբուլցիները պահանջում են կոնկրետ պատասխաններ իրենց կողմից բարձրացված հարցերին
Աբուլցիները բողոքում են. «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»
Աբուլ գյուղում երազում են բնական գազ ունենալ
Աբուլի ջրի խնդիրը լուծման վերջին փուլում է
Աբուլ գյուղում բազմամյա ջրամատակարարման ծրագիրը չի աշխատում
Այստեղ հարևան գյուղի համեմատ գարունը մեկ ամիս ուշ է գալիս
Բրատիսլավ Իգիթխանյան