Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում 2017թ.-ին իրականացվել է ջրամատակարարման ծրագիր 75 000 լարի արժողությամբ, սակայն ջուրը բնակիչներին կհասնի 2018 թ.-ին, երբ իրականացվի նախագծի երկրորդ փուլը:
Աբուլ գյուղի համար ջրամբար կառուցվել է գյուղից դուրս գտնվող բարձր տարածքում և ջրատար խողովակները հասցվել են ջրամբարից գյուղամեջ։
Գյուղացիները և տեղական իշխանության ներկայացուցիչները հարցին տարբեր մոտեցում ունեն։ Գյուղում մեզ հավաստիացրեցին, որ աշխատանքների համար նախատեսված է եղել 130 հազար լարի, իսկ տեղական իշխանությունից ասացին՝ 75 հազար լարի։
«Մենք գյուղովի շատ խնդիրներ ունենք, որոնք մեզ համար անլուծելի են, առաջնայինը՝ ջրի հարցն է։ Հոսքագիծ կա, ջուր չկա՝ ջուրը բոլորին չի բավարարում։ Ոնց որ մենք Վրաստանի կեսկատար քաղաքացիներ լինենք, պահանջում ենք, որ մեզ էլ վերաբերվեն որպես լիարժեք քաղաքացի», – ասաց Աբուլ գյուղի բնակիչ Բարեկյան Վալոդյան։
Չնայած գյուղացիները իրականացված աշխատանքները թերի են համարում և կես կատակ, կես լուրջ ասում են, որ ծրագրի գումարը թաղել են հողի տակ, բայց տեղական իշխանությունից մեզ այլ տեղեկություն տվեցին։
«Եռաֆազ հոսանքով ջրամղիչ պոմպը սարքած է, ջրուղին տարած է մինչև գյուղի վերջը, սակայն դեպի տներ չէ տարած։ Ունենք երկրորդ փուլ, որը կիրականացնենք 2018 թվականին։ Ջրամղիչ պոպմը աշխատում է, ջրամբարը լցվում է», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։
Աշխատանքների իրականացմանը հետևել է ենթակառուցվածքային բաժնի ավագ մասնագետ Գևորգ Դարբինյանը, ով մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ աշխատանքները իրականացրել են ինչպես հարկն է։
«Այդ գործի դիմումը ես ինքս եմ ընդունել, ջրամղիչ պոմպերի տեղադրմանը ներկա եմ եղել, տեսել եմ ինչպես է ջուրը բարձրացել, լցվել ջրամբար։ Ներկա պահին ջուրը միացրած չէ նրա համար, որովհետև բոլոր փողոցներում խողովակ չկա, միայն մեկ ուղղությամբ է։ Մոտավորապես 35 հազար լարի նախատեսված է աշխատանքների երկրորդ փուլի իրականացման համար, որի ընթացքում խողովակներով ջուրը բոլոր փողոցները կտանենք, ինչն էլ կհեշտացնի բնակիչներին ջուրը տուն տանելը»,- ասաց Գևորգ Դարբինյանը։
Ջուլիետա Տոնականյան