Աբուլ գյուղն ապրում է իր առօրյա բազում լուծվող ու դեռ չլուծվող խնդիրներով: Չնայած դժվարություններին, մարդիկ հավատով շարունակում են մնալ իրենց գյուղում: Ի տարբերություն հարևան գյուղերի, այստեղից արտագնա աշխատանքի քիչ են մեկնում:

erexa

Աբուլը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից է: Ախալքալաքից այս գյուղը ընդամենը 12 կիլոմետր է բաժանում: 130 ընտանիք, 650-700 բնակչությամբ: Գտնվում է ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա: Աբուլ սարի լանջերին ծվարած համանուն գյուղում մարդիկ իրար հերթ չտալով թվարկում են խնդիրները՝ բնական գազ, խմելու ջուր, ճանապարհ, աշխատանք չունեն, ինչպե՞ս ապրեն: Մարդիկ անտարբերությամբ ավելացնում են՝ «գյուղացին ծնվել է տանջվելու համար»:

«Ամբողջ աշխարհը գազ ունեցավ, մեր գյուղը չունեցավ: Ինչի՞ մեր գյուղում գազ չկա, ընդհամենը 6 կմ է մնացել, որ խողովակները մեր բնակավայր հասնեն: Ինչի՞ մենք, որ սարն ենք ապրում, մեզ գազ պետք չէ: Մի ամիս էլ ունենք, որ գարուն գա, այնինչ հարևան Կարտիկամում արդեն եկել է», – նշում են գյուղացիները:

abul

Սրտնեղած ավելացնում են. «1 կգ գազը 3,70 լարիով ենք գնում, թանկությունը քիչ է, ձմեռը ուշ-ուշ են գյուղ գալիս գազ վաճառողները, ստիպված ենք լինում ինքներս բալոնները քաղաք տանել ու այնտեղ լիցքավորել»:

Վրաստանում պետծրագրով որոշ գյուղեր այս տարի կգազաֆիկացվեն: Դեռ պարզ չէ, թե Ախալքալաքում քանի գյուղ կներառվի գազաֆիկացման այս ծրագրում: «Էս Ջի Սի» գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը միջոցներ չունի որևէ գյուղ գազաֆիկացնելու:

jampa

Աբուլ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է: Տաքսիները տրտնջալով են համաձայնվում այս գյուղ գնալ: «Ճանապարհն ամբողջովին քանդվել է, երկու տարի է նույնիսկ մեր ավազը չեն փռում: Մեր ավազը տանում են քիչ է, ճանապարհն էլ հետը քանդում են»,- նշեց Յուրան:

Գյուղապետ Սամվել Կարախրխզյանը ասում է, որ շուտով գյուղի ճանապարհը կբարեկարգվի, Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն է խոստացել:

Ճանապարհով ու բնական գազով այս գյուղի խնդիրները չեն վերջանում: Գյուղի բնակչության մի մասը խմելու ջուր չունի, ստիպված մեքենաներով աղբյուրից են ջուր կրում:

jur en krum

Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարի Աբուլում խմելու ջրի խնդիրը վերջնական լուծում կստանա: «Նախագիծն արդեն պատրաստ է, շուտով տենդեր կհայտարարենք, որ գյուղի մեջ բարձրադիր մասի բնակիչները կարողանան ջուր ունենան, մոտեցնենք տներին: Հիմնական ջրագիծը քաշած է, ջրամբարը սարքած է, պոմպերը, ամեն ինչ պատրաստ է: Ծրագրի առաջին էտապն իրականացված է, երկրորդ էտապով ջուրը կհասնի բնակչի տուն: Նախագծի արժեքը 21 000 լարի է կազմում», – ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:

abul kanayq

Չնայած կյանքի դժվար պայմաններին, աբուլցիները շարունակում են չտրտնջալ և կատակով պատմում են. «Պոլոզ Մուկուչին հարցնում են՝ մարդը երբ կարող է հաց ուտել, պատասխանում է՝ ով, որ ունի, երբ կուզե թող ուտե, չունեցողն էլ, երբ որ գտնի: Մենք չունեցողն ենք, երբ գտանք այդ ժամանակ էլ կուտենք»:

ekexeci
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, վերանորոգված 2009 թվականին

Գյուղամեջում հավաքված տղամարդիկ վստահեցնում են, որ իրենց գյուղից լավ տեղ չկա, սակայն եթե ապրելու պայման չկա, ստիպված են հեռանալ:

fizkulti jam

Աղունիկ Այվազյան