Արդեն հաստատվել է Ախալքալաքի քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեն, սակայն մարզադպրոցի դահլիճում ջեռուցումն այնտեղ նախատեսված չէ, ինչպես խոստացել էին ավելի վաղ քաղաքապետարանում: Ախալքալաքի տեղական ինքնակառավարման գործադիր մարմնում նորից խոստացան, որ կփորձեն ջեռուցման համակարգն իրականացնել այլ միջոցներով:
Ախալքալաքի մարզադպրոցում ցուրտ եղանակի սկսվելուն պես արդիական է դառնում մեծ դահլիճի ջեռուցման խնդիրը: Շինությունն ընդհանուր առմամբ ջեռուցվում է, բայց մեծ դահլիճը, որտեղ հիմնականում անցկացվում են տարբեր մարզական միջոցառումներ ջեռուցում չկա: Ավելի վաղ քաղաքապետարանը խոստացել էր, որ այս հարցը կլուծվի, եթե ոչ այս տարի, ապա ապագայում:
Դպրոցի շենքը կառուցվել է 1935 թվականին: Ներկայումս դպրոցում գործում են հետևյալ ստորտաձևերը՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, կարատե և ռեգբի: Անցած տարի շենքը վերանորոգվել էր տեղական բյուջեի հաշվին, բայց դահլիճում ջեռուցում չկա:
Մարզիչները բողոքում են, որ ձմռանը կանոնավոր դասընթացներ հնարավոր չէ անցկացնել, դրանք վտանգում են երեխաների առողջությունը: Ինչպես նախկինում նշել էր կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը Jnews-ին տված հարցազրույցում, ձմռանը նա կդադարեցնի դասընթացները փոքր երեխաների հետ, որպեսզի նրանք չմրսեն ու չհիվանդանան:
Ախալքալաքի 2020 թվականի բյուջեն Սակրեբուլոն հաստատեց դեկտեմբերի 17-ին, որում մարզադպրոցի դահլիճում ջեռուցման համակարգի անցկացման ծախսեր նախատեսված չեն:
Քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանի խոսքով՝ այս պահին ջեռուցում նախատեսված չէ, բայց դա դեռ վերջնական որոշված չէ:
Ըստ նրա, մինչ այժմ տեղական բյուջեում շատ բան նախատեսված չէ:
«Մենք կփորձենք լուծել 2020 թվականին մարզադպրոցը ջեռուցելու խնդիրը», – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Մարզադպրոցի ջեռուցումը 2020 թ.-ի բյուջեի նախագծում դեռ նախատեսված չէ
Իշխանությունները խոստանում են ջեռուցել մարզադպրոցի ցուրտ դահլիճը