Եղանակները ցրտելուն զուգընթաց Ախալքալաքի մարզադպրոցում արդիական է դառնում մարզադահլիճի ջեռուցման խնդիրը: Շենքն, ընդհանուր առմամբ, ջեռուցվում է: Իսկ մեծ դահլիճը, որտեղ անցկացվում են տարբեր սպորտային խմբակների հիմնական մարզումները՝ ոչ: Քաղաքապետարանից խոստանում են, որ այս հարցին լուծում կտրվի, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարվա ընթացքում:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ միասին երեխաները արձակուրդից վերադարձան, վերսկսվեցին նաև մարզումները Ախալքալաքի մարզադպրոցի խմբակներում: Այնուամենայնիվ, ծնողներից շատերը դեռևս տատանվում են՝ իրենց երեխաներին ուղարկել պարապմունքների, թե՞ ոչ: Ծնողների կասկածների պատճառը մարզադպրոցի մեծ մարզադահլիճն է, որը չի ջեռուցվում: Ծնողները վախենում են, որ երեխաները կարող են մրսել և հիվանդանալ:

Մարզապրոցի շենքը կառուցվել է 1935 թվականին: Ներկայումս դպրոցում գործում են հետևյալ խմբակները՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ (մինի-ֆուտբոլ), ըմբշամարտ, կարատե և ռեգբի: Անցած տարի շենքը վերանորոգվել էր տեղական բյուջեի հաշվին, բայց մարզադահլիճում ջեռուցում չէր անցկացվել:

Մարզիչները դժգոհում են, որ ձմռանը կանոնավոր մարզումներ հնարավոր չէ անցկացնել, նրանք վտանգում են երեխաների առողջությունը: Ինչպես նախկինում նշել էր կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը Jnews-ին տված հարցազրույցում, ձմռանը նա ստիպված է դադարեցնել մարզումները փոքր երեխաների հետ, որպեսզի նրանք չմրսեն:

Sport 1

Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանի խոսքով՝ ամռանը դա խնդիր չէ, բայց ձմռանը շատ դժվար է մարզվել նման պայմաններում:

Հաջորդ տարվա տեղական բյուջեն պլանավորելու ժամանակ, աշնանային ժամանակահատվածում, դպրոցը նախատեսում է կրկին դիմել քաղաքապետարան՝ այս հարցը դիտարկելու համար:

Ինչպես մեզ տեղեկացրին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, նրանք տեղյակ են մարզադպրոցում ջեռուցման խնդրի մասին: Քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանի խոսքով՝ հարցը կլուծվի մոտ ապագայում:

«Այս տարի սահմանափակ բյուջետային միջոցների պատճառով, հավանաբար, չենք կարողանա լուծել այդ հարցը, բայց մենք անպայման դա կանենք հաջորդ տարի», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Արդյո՞ք երեխաները կկարողանան մարզվել Սպորտդպրոցում նորմալ, տաք պայմաններում առնվազն հաջորդ տարվանից, կախված է նրանից, թե արդյոք 2020 թվականի բյուջեի նախագծում ներառվելու է սպորտդպրոցի մեծ մարզադահլիճում ջեռուցման անցկացումը և վճարման ծախսերը:

Բրատիսլավ Իգիթխանյան