Երեկ կայացած մենամարտերի արդյունքում ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը հաղթել է Լեհաստանի ներկայացուցչին ու դուրս եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ։
Եվրոպական խաղեր 2023-ն անցկացվում է Լեհաստանում՝ հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Վրաստանի հավաքականի կազմում են Ախալքալաքի մարզահամալիրի երկու մարզիկներ՝ Արտյոմ Յորդանյանը և Արտյուշ Գոմցյանը։
Երկու մարզիկների առաջին մենամարտերը կայացել են երեկ՝ հունիսի 27-ին, որի արդյունքում Արտյոմ Յորդանյանը պարտվել է մրցակցին ու դուրս մնացել հետագա պայքարից, իսկ Արտյուշ Գոմցյանը հաղթել է ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Այսօր Գոմցյանը կպայքարի 3-րդ տեղի և կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Այսօրվա հաղթանակի դեպքում նա կստանա երաշխավորված 3-րդ տեղը և 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր։
Բռնցքամարտում խաղարկվում է 22 քվոտա տղամարդկանց և 22 քվոտա կանանց համար: Արտյուշ Գոմցյանը ներկայանում է 51 կգ քաշային կարգում, որտեղ խաղարկվում է 4 ուղեգիր:
Կրակովում անցկացվող խաղերը պատմության մեջ երրորդ Եվրոպական խաղերն են։ Առաջինն անցկացվել է Բաքվում 2015 թվականին, երկրորդը՝ Մինսկում՝ 2019 թվականին: 48 երկրների 7000 մարզիկներ կպայքարեն 29 մարզաձևերում մրցանակների և ուղեգրերի համար: