Ախալքալաքի LAG-ը, ինչպես բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով, այսօր անորոշության մեջ է, թե ինչ անել և ինչպես շարունակել աշխատել, հաշվի առնելով, որ այն ամբողջ գործնեությունը, որ իրականացվում է շրջանի և բնակչության զարգացման համար՝ արդեն կգնահատվի որպես «օտար պետության շահերը հետապնդող», քանի որ այդ աշխատանքն իրականացվում է տարբեր օտարերկրյա հիմնադրամներից և երկրներից ստացված դրամաշնորհներով։
LAG Ախալքալաքը (Local action group, Տեղական զարգացման խումբ) հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2017թ.-ին: Արդեն իսկ 7 տարիների ընթացքում կազմակերպությունը գործում է մունիցիպալիտետում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ տեղի բնակչության և մունիցիպալիտետի զարգացման։
Համաձայն Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի՝ LAG Ախալքալաքն ընկնում է օրենքի տակ և պետք է գրանցվի այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների» ռեգիստրում:
Ախալքալաքի LAG-ը ստեղծվել է Եվրոպական միության կողմից իրականացվող ENPARD2 ծրագրի շրջանակներում։ Այն դարձավ 8 LAG-երից մեկը, որոնք բացվեցին այս ծրագրի շրջանակներում Վրաստանի ողջ տարածքում։
Կազմակերպության նպատակը մունիցիպալիտետի սոցիալ-տնտեսական զարգացումն է։ LAG-ը տարբերվում է այլ հասարակական կազմակերպություններից իր առանձնահատկություններով:
«LAG-ը ստեղծվել է եվրոպական մոդելով։ Ընդհանուր առմամբ, LAG-ը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ բազմաոլորտայնություն, առաջնորդական մոտեցում և մունիցիպալ զարգացման ռազմավարության պատրաստում»,- մեկնաբանում է կազմակերպության նախագահ Սերգեյ Խաչատրյանը:
Բազմաոլորտայնությունը ենթադրում է երեք ոլորտի միավորում՝ պետական, ոչ պետական և մասնավոր (բիզնես): Առաջնորդական մոտեցումը նշանակում է աշխատանքի կազմակերպում ներքևից վեր: Ռազմավարության պատրաստումը ներառում է գործունեության առաջնահերթ ոլորտների և նպատակների բացահայտում և դրանց իրականացում:
«Գյուղի բնակիչն ավելի լավ գիտի տեղի խնդիրը, քան կենտրոնը։ Մենք աշխատում ենք այս սկզբունքով, և ռազմավարությունը կազմվել է նույն սկզբունքով։ Ռազմավարությունը կազմելիս հիմք է ընդունվել նաև Վրաստանի պետական զարգացման ռազմավարությունը։ 2018-ին մենք ընդունեցինք վերջնական ռազմավարությունը, դա մինչև 2021 թվականն էր, բայց 2021-ին երկարացրինք մինչև 2024 թվականը»,- ավելացնում է Սերգեյը։
Ռազմավարությունը ներառում է 4 առաջնահերթ ոլորտ.
1. Տնտեսություն՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում և դիվերսիֆիկացում՝ ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ գյուղատնտեսության:
2. Զբոսաշրջության և մշակութային ժառանգության զարգացում։
3. Սոցիալական ուղղվածություն՝ ինտեգրում, կրթություն։
4. Բնապահպանություն և էկոլոգիա։
«Ռազմավարությունը ստեղծելուց հետո հաջորդ քայլը դրամաշնորհային մրցույթն էր, որը նախատեսված էր ENPARD ծրագրով։ Յուրաքանչյուր դիմորդ պետք է ծանոթանար ռազմավարությանը, և նրա գաղափարը պետք է համապատասխաներ ռազմավարության առնվազն մեկ առաջնահերթությանը»,- ասում է Սերգեյը։
Ի՞նչ օգուտ է LAG-ը տվել մունիցիպալիտետին
Այս դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, մինչև 2021 թվականը, LAG-ը ֆինանսավորել է ավելի քան 2 միլիոն լարի ընդհանուր արժողությամբ 43 ծրագիր՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ սոցիալական և մունիցիպալ ոլորտներում, որտեղ շահառուն տեղական ինքնակառավարումն էր: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանը շահառու է եղել 6 ծրագրերում՝ LAG -ից ստանալով 400 000 լարի։
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կազմակերպությունը հայտարարեց նաև մրցույթ, որին կարող էր մասնակցել միայն պետական հատվածը, և գաղափարը պետք է վերաբերեր կորոնավիրուսին։ Մրցույթի արդյունքում ձեռք է բերվել բժշկական սարքավորումների 44 լրակազմ, որոնք ներառում էին շարժական թթվածնային ապարատ։ 150.000 լարին ֆինանսավորել էր LAG-ը, իսկ մոտ 17 000 լարին՝ մունիցիպալիտետը։
2021 թվականին ավարտվեց ENPARD2 ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել էր կազմակերպությունը։ Այդ ժամանակվանից LAG-ն իր ուժերով, դոնորներ փնտրելով, իրականացրել է բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Դոնորների թվում են այնպիսի օտարերկրյա կազմակերպություններ, ինչպիսիք են՝ UNDP, FAO, Mercy Corps, EU, US Embassy to Georgia։
Այս կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ 2021 թվականից առ այսօր LAG-ն իրականացրել է տարբեր ծրագրեր։
«Խելացի գյուղեր» ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետի դպրոցներում բացվել են թվային 6 հաբեր (կենտրոններ) ՝ հագեցած նոր թվային սարքավորումներով, կահույքով և սմարթ էկրաններով։
«Մենք շեշտը դնում էինք հեռավոր գյուղերի վրա, որտեղ տրանսպորտային խնդիրներ կան, երեխաները հնարավորություն չունեն գալ Ախալքալաք և մասնակցել մեր թրեյնինգներին, սա հնարավորություն ստեղծեց նրանց համար՝ առցանց ռեժիմով մասնակցելու թրեյնինգներին»:
Նման ծրագիր է իրականացվել նաեւ Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզում։
Բացի այդ, Ախաքալաքի մունիցիպալիտետի տարբեր մանկապարտեզների 54 մանկավարժներ անցել են հավաստագրված վերապատրաստում` իրենց հմտությունները կատարելագործելու համար:
Սոցիալապես անապահով 16 ընտանիք ստացել է արևային մարտկոցներ, որոնք թույլ են տալիս խնայել էլեկտրաէներգիան։
LAG-ը մշակել և սակրեբուլոյին է ներկայացրել շարժունակության ռազմավարություն, որը ներառում է հեռավոր գյուղերի բնակիչների համար տրանսպորտային ցանցի զարգացում, ինչպես նաև ծառայությունների տեղադրում, որոնց համար բնակիչները մեկնում են քաղաք:
Ի՞նչ խնդիրների է բախվել կազմակերպությունը՝ կապված այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ:
Կազմակերպությունում դեռ չեն քննարկել, թե ինչ են անելու օրենքի ընդունման հետ կապված։ Սակայն, ըստ նախագահ Սերգեյ Խաչատրյանի, օրենքը միանշանակ բացասաբար կանդրադառնա կազմակերպության գործունեության վրա։
«Ցավալի է, քանի որ երբ ստեղծվեց LAG-ը, մենք չէինք էլ կարող մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Դեռ չգիտեմ, թե օրենքը ինչ հետևանքների կբերի, բայց ակնհայտ է, որ դրանից ոչ մի լավ բան պետք չէ սպասել։ Այս հարցը դեռ չեմ քննարկել իմ գործընկերների հետ»,- մեկնաբանում է նա։
Սերգեյի խոսքով, հատկապես տհաճ է այն, որ կազմակերպություններին պիտակավորում են որպես «օտարերկրյա գործակալներ»։
«Այն ամենը, ինչ մենք անում ենք 2018 թվականից ի վեր, մեր գաղափարը և իմ անձնական գաղափարն այն էր, որ մենք այս ամենն անում ենք ոչ թե օտար պետության շահերից ելնելով, այլ դոնորների օգնությամբ մեր շրջանը զարգացնելու համար։ Մենք մունիցիպալիտետը զարգացնելու համար հնարավորություններ գտանք: Զարգացնելով շրջանը՝ մենք զարգացնում ենք մեր երկիրը։ Ես այստեղ չեմ տեսնում, որ մենք աշխատել ենք հանուն ինչ-որ մեկի շահերի, մենք աշխատել ենք մեր շրջանի և մեր երկրի շահերի համար, և մենք կաշխատենք, և նախատեսում ենք այն էլ ավելի զարգացնել»,- նշում է Սերգեյը։
Նա հավելում է, որ քանի դեռ օրենքը չի սկսել գործել, դժվար է ասել, թե ինչ կլինի։ «Կարող եմ միայն ասել, որ այն բանից ելնելով, թե ինչպես է գործել օրենքը Ռուսաստանում, հետևանքները շատ վատ կլինեն»,- մեկնաբանում է Սերգեյը։
«Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում ասվում է, որ բնակչության 80%-ը կողմ է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին։ Եվ մեր բոլոր դոնորները եղել են այս հաստատությունների ներկայացուցիչներ»,- հավելում է նա։