Օրջա, Խանդո, Ալաստան և Կոկիո գյուղերն իրար կապող ճանապարհն արդեն ասֆալտապատ է, սակայն Օրջա գյուղում աղբամաններ չեն տեղադրվում։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ նոր աղբամաններ ունեն, սակայն դրանք սպասարկող մեքենաներ չունեն, որպեսզի տեղադրեն:
Այն գյուղերը, որոնք ասֆալտապատ են, պետք է աղբամաններ տեղադրվի։ Սակայն Օրջա գյուղում դեռ աղբամաններ չկան: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը աղբաման չտեղադրելու փաստն այս կերպ է հիմնավորում.
«Եթե ասֆալտապատ գյուղերի համար նախատեսված է աղբամաններ, ուրեմն պետք է նաև նախատեսվի այդ աղբն արտահանող մեքենաներ։ Ներկա դրությամբ մենք քաղաքում և գյուղերում տեղադրած 344 աղբարկղ ունենք։ Սկզբնական շրջանում մենք 3 հատ մերսեդես մակնիշի մեքենա ունեինք և 100 հատ աղբարկղ: Հիմա մեքենաների քանակը նույնն է, սակայն աղբամանների քանակն անհամեմատ ավելացել է, անցած տարի ստացանք 200 աղբաման ու ընդհանուր դարձավ 344, երեք մեքենան սպասարկում է այդքան աղբամանի։ Նույն աշխատակազմը, նույն աշխատավարձը ու նույն մեքենաները մնացին, որն էլ մեզ համար կրկնակի ծանրաբեռնվածություն է», – ասաց Արմեն Բիչախչյանը։
Սպասարկման կենտրոնի տնօրենն ասֆալտապատ գյուղերում աղբամաններ տեղադրելու համար արդեն ծրագիր է ներկայացրել, ըստ որի նախատեսված է երկու աղբատար մեքենա:
«Եթե մյուս տարի քաղաքապետարանը կարողացավ գնել և մեզ տրամադրել մեքենաները, մենք առանց որևիցե խոչընդոտի կկատարենք մեզ հանձնարարված աշխատանքը և յուրաքանչյուր ասֆալտապատ գյուղից կկարողանանք աղբահանություն կատարել։ Ներկա դրությամբ այդ միջոցները չունենք»- հավելեց Արմեն Բիչախչյանը։
Սպասարկման կենտրոնն այս պահի դրությամբ 70 նոր աղբաման ունի, որոնք դեռ չեն օգտագործվում, սակայն առաջին իսկ աղբահանող մեքենայի առկայության դեպքում այդ աղբամանները կտեղադրվի ասֆալտապատ գյուղերում։ Օրինակ. Օրջա գյուղին 15-20 աղբամանը բավական է։
«Ծրագիրը մենք ներկայացրել ենք քաղաքապետարան, յուրաքանչյուր մեքենայի համար 150 000 լարի է նախատեսված, այսինքն՝ 300 000 լարի է անհրաժեշտ երկու մեքենայի համար: Նախագիծը պետք է հասնի Սակրեբուլո, իսկ Սակրեբուլոն իր հերթին պետք է հաստատի, որից հետո քաղաքապետարանը կգնի մեքենաները և մեզ կտրամադրի։ Ինչքանով, որ ես տեղյակ եմ, համաձայնություն կա, որպեսզի այդ գումարը հատկացնեն», – իր խոսքում նշեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը։
Գյուղերից հեռացվում է կուտակված աղբը
Աղբակույտերը՝ գյուղերի այցեքարտ
«Գարշահոտ» բիզնեսը, կամ երբ աղբը վերածվում է փողի
Գայանե Ակոջյան