Ախալքալաքի մունիցիպալիտետում թե՛ պետական, թե՛ միջազգային, թե՛ հասարակական կազմակերպությունները, գյուղատնտեսության զարգացման համար, հաճախ հայտարարում են դրամաշնորհային մրցույթներ, սակայն բնակչությունն ակտիվորեն չի մասնակցում դրանց։ Jnews-ը որոշեց պարզել, թե ինչու Ախալքալաքում ֆերմերները առանձնապես չեն փորձում անշահախնդրորեն դրամական միջոցներ ստանալ իրենց եկամտի աղբյուրը զարգացնելու համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի է, գյուղատնտեսության և բիզնեսի զարգացման համար, ակտիվորեն հայտարարվում են դրամաշնորհային մրցույթներ։ Դրանք են՝ Եվրամիության ENPARD ծրագիրը, մրցույթներ է հայտարարում USAID֊ը, բազմաթիվ այլ կազմակերպություններ, ինչպես նաև պետությունը։
Պատճառները, որոնց հետևանքով ախալքալաքցիներն այս մրցույթներին ակտիվ չեն, տարբեր են.
Ոմանք որպես պասիվության պատճառ նշում են սեփական միջոցների բացակայությունը: Գյուղատնտեսության և բիզնեսի զարգացմանն ուղղված դրամաշնորհները հիմնականում տրամադրվում են ծրագրի համաֆինանսավորմամբ։ Տարբեր ծրագրերում համաֆինանսավորման տոկոսը տարբեր է։
Սիրկվա գյուղից Հովհաննես Ասլանյանը մասնակցել և շահել է դրամաշնորհ, բայց հետո, իր խոսքերով, հրաժարվել է ֆինանսավորումից.
«Տրակտորի համար դրամաշնորհ էի շահել, բայց հետո հրաժարվեցի, ֆինանսների իմ մասնաբաժինը չկարողացա հայթայթել, ուզում էի վարկ վերցնել, բայց չստացվեց»,- ասում է Հովհաննես Ասլանյանը։
Հովհաննես Հարությունյանը նույնպես կարծում է, որ մարդկանց պասիվացնում է սեփական միջոցների բացակայությունը.
«40 տոկոսը կամ 60 տոկոսը, կամ մեկ այլ տոկոս՝ գյուղտեխնիկա գնելիս հողագործի համար հսկայական գումար է։ Որտեղից մարդիկ միանգամից այդչափ կանխիկ գումար գտնեն։ Թե չէ բոլորն էլ ուզում են տեխնիկա գնել, ով կհրաժարվի»,- ասում է նա։
Կուլիկամ գյուղի բնակիչը, ով չնշեց իր անունը, պասիվության պատճառ է համարում վրացերենի չիմացությունը։
«Մասնակցելու համար պետք է վրացերենին տիրապետես, այնտեղ դու պետք է ստորագրես, չես կարող հասկանալ, թե ինչ ես ստորագրում»,- ասում է նա։
Ոմանք իրենց պասիվությունը բացատրում են նրանով, որ հարկավոր է բիզնես նախագիծ գրել, հայցադիմում լրացնել, ինչը դժվար է ֆերմերների մեծ մասի համար, հատկապես՝ վրացերենով։
Ոմանք իրազեկված չեն դրամաշնորհային մրցույթների մասին։
Ստեփան Քտցյանը Բեժանո գյուղում ձուկ է բուծում, նրա խոսքով, իր բիզնեսին հարկավոր է օգնություն։ Նա չգիտեր, որ դրամաշնորհային մրցույթներ կան։ Իմանալով ասաց, որ անպայման կմասնակցի։
Ոմանք գիտեն, հետաքրքրվում են փորձում են և հիասթափվում, եթե չեն հաղթում:
Մոդեգամ գյուղից Արամայիս Չախալյանը, տեղյակ է դրամաշնորհային մրցույթների մասին, բազմիցս գրել է, բայց հիասթափված է.
«Հիասթափված եմ, այլեւս չեմ գրում, մի քանի անգամ գրել եմ, ոչինչ չեմ շահել։ Վերջին անգամ անցյալ տարի էի գրել, բայց չհաղթեցի»,- ասում է նա։
Մոդեգամ գյուղից Էդո Փամբուխչյանը գիտի մունիցիպալիտետուում հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մասին, սակայն վերջինս նույնպես ոչ մի մրցույթում չի հաղթել։
«Աշնանը հայտ ներկայացրեցի արևային մարտկոցներ գնելու համար, բայց մինչ օրս դրական պատասխան չեմ ստացել, ճիշտ է, լեզվին չտիրապետելը դժվարություն է առաջացնում, սակայն մենք գտնում ենք մեկին, ով կարող է նախագիծ գրել։ Մեր գյուղից ոչ ոք ոչինչ չի շահել։ Մեր գյուղից մի կին էլ էր մի քանի տարի առաջ գրել դրամաշնորհային դիմում, թխվածք թխելու տեխնիկա գնելու համար և չէր հաղթել։ Եթե մեզանից որևէ մեկը հաղթեր, մենք կհետաքրքրվեինք, իսկ հիմա մենք հիասթափված ենք»,- ասում է Էդո Փամբուխչյանը։
Բնակչության շրջանուն կան այնպիսիք, ովքեր կարծում են, որ դրամաշնորհները տրվում են ծանոթության միջոցով:
Խուլգումո գյուղից Արթուրն ասում է, որ մասնակցել է դրամաշնորհային մրցույթին, ցանկանալով տրակտոր գնել։ Նա կարծում է, որ առանց ծանոթության հնարավոր չէ դրամաշնորհ շահել։
Ըստ Տնտեսության պաշտպանության և զարգացման կենտրոնի (SEREC) համակարգող Վաղարշակ Շախբեկյանի, պասիվության պատճառն այն է, որ մարդիկ չեն կարող ճիշտ և հստակ ներկայացնել գաղափարը։ Նա թվարկեց բնակչության պասիվության մի քանի հիմնական պատճառ.
«Առաջինը՝ իրազեկելն է, մրցույթներ անցկացնող շատ կազմակերպություններ Ախալքալաքում ներկայացուցիչներ չունեն։ Ովքեր մեզ մոտ գրանցվում են, մենք նրանց ծրագրերի մասին տեղեկություններ ենք ուղարկում, արդեն գիտենք, թե ինչ են ուզում։ Իսկ ովքեր չեն գրանցվում, նրանք տեղյակ չեն։ Երկրորդը, բացի լեզվի չիմացության խնդրից, նաև հայտադիմումը չեն կարող լրացնել, հաճախ նույնիսկ վրացիները չեն կարողանում դա անել, չնայած ամեն ինչ շատ դժվար չէ, բայց շատերի համար դա բարդություն է ներկայացնում»,- ասում է Վաղարշակ Շախբեկյանը։
Շախբեկյանի խոսքով, այս տարի դրամաշնորհային մրցույթների մասնակիցների թիվն ավելացել է։ Այսպես օրինակ, վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 մարդ դիմել է Ախալքալաքի SEREC֊ի գրասենյակ, դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: Նախնական տվյալներով, խորհրդատվություն ստացածների ավելի քան 25%-ը հայտ է ներկայացրել ֆինանսավորում ստանալու նպատակով: