Ախալքալաքում տեղեկություն է հայտնվել, որ շուտով Ախալքալաքի հիվանդանոցում, բացի AstraZeneca, Sinopharm և Sinovak պատվաստանյութերից, հնարավոր կլինի գրանցվել Pfizer պատվաստանյութի համար: Թեև, ինչպես պարզեց Jnews-ը, բուժանձնակազմի վերապատրաստումը շարունակվում է, բայց երբ և ինչպես հնարավոր կլինի պատվաստվել Pfizer պատվաստանյութով, դեռ հայտնի չէ:
Ներկայումս Ախալքալաքի բնակիչները հնարավորություն ունեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութերով՝ AstraZeneca, Sinofarm և Sinovak: Վերջին երկու պատվաստանյութերի քովիդ-անձնագիրը որոշ երկրներում, այդ թվում` Եվրամիությունում, չի ընդունվում: Ախալքալաքի բնակիչների մեծ մասը զգուշանում է AstraZeneca պատվաստանյութից, իսկ Pfizer-ով հնարավոր է պատվաստվել միայն 7 կլինիկայում` մայրաքաղաքում և Իմերեթիի, Աջարիայի ու Շիդա Քարթլիի շրջաններում: Երկու օրվա ընթացքում գրանցման կայքում գրեթե անհնար է գտնել ազատ պատուհան, չկա գոնե մեկ ազատ տեղ:
Այնուամենայնիվ, Ախալքալաքում խոսակցություններ են առաջացել այն մասին, որ շուտով Ախալքալաքի հիվանդանոցում Pfizer պատվաստանյութով հնարավոր կլինի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ դա հնարավոր է:
«Մենք սպասում ենք Pfizer-ին, ես չգիտեմ, թե երբ այն կբերեն, բայց մենք պատրաստ ենք, իսկ երբ այն կբերեն, մենք չգիտենք: Ամենայն հավանականությամբ, նրանք կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները: Դա մեր գործը չէ, այլ իրենց գործն է: Մեզ տեղեկացրել են, որ հնարավոր կլինի պատվաստել Pfizer-ով», – ասում է Ալեքսան Թորոյանը:
Սամցխե-Ջավախքում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի բաժանմունքի վարիչ Նինո Զեդգինիձեն Jnews-ին ասաց, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ, որ կլինիկաներն են զբաղվելու Pfizer-ով պատվաստմամբ:
«Մինչ այժմ, ամբողջ երկրում, Pfizer-ով պատվաստվել հնարավոր է միայն Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում: Եթե նրանք դա անեն ձեր շրջանում, մեզ կտեղեկացնեն, և դուք էլ կիմանաք: Նախարարը այդ մասին պաշտոնապես կհայտարարի: Այս պահին նման տեղեկատվություն չկա: Այո, իհարկե, տեղեկություններ կան, որ ամբողջ Վրաստանում 80 կլինիկա է պատվաստելու, բայց մինչ այժմ մենք չգիտենք, թե կոնկրետ որ կլինիկաներն ու հիվանդանոցները կմասնակցեն այս գործընթացին: Այնուամենայնիվ, թրեյնինգներն անցկացվում են բոլոր կլինիկաներում», – ասում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի խոսնակ Նինո Զեդգինիձեն:
Պատվաստանյութը, որը մշակվել է գերմանական «BioNTech» ընկերության և ամերիկյան «Pfizer» դեղագործական կոնցեռնի կողմից, առաջինն է, որը թույլատրվել է 2020-ի դեկտեմբերին ԵՄ-ում օգտագործման համար և առաջինն է, որը պաշտոնապես հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Պատվաստանյութը 95%-ով արդյունավետ է, իսկ դիմադրողականության տևողությունը հասնում է վեց ամսի:
Ավանդաբար, պատվաստման գործընթացը հիմնված է վարակված ագենտի թուլացված ձևի մարմնի մեջ ներմուծման վրա, ինչը թույլ է տալիս մեր իմունային համակարգին այն հիշել, որպեսզի վարակման դեպքում դրա դեմ ճիշտ արձագանք տա:
Հիշեցնենք, որ Pfizer-ը պետք է պահել և տեղափոխել -80° C-ից -60° C ջերմաստիճանում: Հենց Pfizer պատվաստանյութի պահպանման և տեղափոխման պայմաններն էին, որ անհանգստություն առաջացրին շատ երկրներում, որոնք այս դեղորայքը պատվիրել էին իրենց քաղաքացիներին պատվաստելու համար: