Ախալքալաքցի Անահիտ Ստելմաշովան Վրաստանն է ներկայացնում Մոսկվայում անցկացվող «Մարդուկ-Ջարդուկ» միջազգային հեռուստատեսային մրցույթում:
«Մարդուկ-Ջարդուկ» միջազգային հեռուստատեսային մրցույթին մասնակցության հայտն ուղարկել են Անահիտի ծնողները: Անահիտը հաղթահարելով նախընտրական փուլը՝ հայտնվելով 18 երկրից 48 մասնակիցների շարքերում՝ Ավստրալիայից, Ավստրիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Եգիպտոսից, Իսլանդայից, Իսպանիայից, Ղազախստանից, Կանադայից, Չինաստանից, Նորվեգիայից, Սլովակիայից, Թայվանից, Չեխիայից, Ճապոնիայից և Ռուսաստանի 16 քաղաքներից, որոնք մրցելու են «Ոսկե, արծաթե և բրոնզե» մարդուկ-ջարդուկների տիտղոսների համար:
Մրցույթի մրցանակներն են` ոսկե, արծաթե և բրոնզե մարդուկ-ջարդուկները՝ «Դաշնամուր», «Լարային», «Փողային և հարվածային գործիքներ» անվանակարգերում, որոնք ստեղծվել են աշխարհահռչակ նկարիչ Միխայիլ Շեմյակինի կողմից: Եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկը կարժանանա «հանդիսատեսի համակրանք» մրցանակին՝ ըստ SMS քվեարկության արդյունքների:
20-րդ հոբելյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են ականավոր ռուս և արտասահմանցի երաժիշտներ` դաշնակահարներ Ելենա Բաշկիրովան (Ռուսաստան-Գերմանիա), Աննա Ցիբուլյովան (Ռուսաստան) և Ալեքսանդր Յակովլևը (Ռուսաստան), ջութակահար Զախար Բրոնը (Ռուսաստան-Գերմանիա), թավջութակահար Իշտվան Վարդայը (Հունգարիա), թավջութակահար և դիրիժոր Դևիդ Գերինգասը (Լիտվա-Գերմանիա), պերկուսիոնիստ և կոմպոզիտոր Նեբոյշա Ժիվկովիչը (Սերբիա-Գերմանիա), սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը (Հայաստան), պերկուսիոնիստ և կոմպոզիտոր Յոհաննես Ֆիշերը (Գերմանիա), կլարնետահար և դիրիժոր Իվան Ստոլբովը (Ռուսաստան)։
Անահիտի Մոսկվա մուտքի արտոնագրի և տոմսերի ծախսերը հոգացել է «Ատկեն Արմենյան» կանադական հիմնադրամը, իսկ ճանապարհորդության ժամամակ նրան ուղեկցում է կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Քաթամաձեն:
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերի լսումները կկայանան դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ Մոսկվայի Գնեսինսների միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցի համերգասրահում, իսկ դեկտեմբերի 9-ին (ժամը 19:00-ին) Չայկովսկու անվան համերգասրահում կանցկացվի մրցույթի III փուլը և մրցույթի հանդիսավոր փակման արարողությունը: «Մարդուկ-Ջարդուկ»-ը կարելի է դիտել «Россия – Культура» հեռուստաալիքով։ Համերգի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, 20:05-ին: II փուլի մրցույթները կհեռարձակվեն դեկտեմբերի 4-ին, անվանակարգերն են` «Լարային գործիքներ» ժամը 11:15-ին, ժամը 14:10-ին «Փողային և հարվածային գործիքները», ժամը 17:10-ին՝ «Դաշնամուր» անվանակարգը:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19:10-ին, կսկսվի վճռորոշ եզրափակիչի ուղիղ հեռարձակումն ու մրցույթի փակման արարողությունը: Բացի այդ, մրցույթի I և II փուլերի լսումները, ինչպես նաև փակման արարողությունը, կարող եք դիտել ուղիղ եթերով, կայքում՝ https://www.tvkultura.ru/