58 տարեկանում կյանքից հեռացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։
Ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը մեջբերում է արել հոր խոսքերից․ «Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն… Երբ մահը կնայի աչքերիս մեջ:
Հեգնել մահը… այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։
Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։
Գագիկ Գինոսյան»։
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։
Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին։
Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա։
1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։
Գագիկ Գինոսյանն 1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ 1987-2001 թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ 1996 թվականից Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոններում, 1999 թվականին Ռումինիայի Յասսի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում։
Գագիկ Գինոսյանը 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարինը» Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով Իսպանիայում 1985 թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ պարերի անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակը, ինչի համար ՀՀ Մշակույթի նախարարությունը Գ.Գինոսյանին «ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
Աղբյուրը՝ Panorama.am