Այսօր՝ մայիսի 27-ին, Ախալքալաքի մշակույթի տանը 27 տարի անց տեղի ունեցավ «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի համերգը։
Ախալքալաքի մշակույթի տունը մարդաշատ էր, բոլորն անհամբերությամբ սպասում էին «Սայաթ-Նովա» համույթի համերգի մեկնարկին։
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն ասում է՝ այսքան տարվա ընդմիջումն անհարկի էր։ Պողոսյանը հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական և աշուղական երգերի կատարող, այլ նաև մի շարք մոռացված երգերի վերականգնող, բանահավաք, մանկավարժ:
«Ջավախքն այսքան մերձ է, այսքան մոտ է հայրենիքին, բայց, ցավոք սրտի, մենք ամեն տարի գալով «Ջիվանու» օրվա առիթով, երբեք այս շքեղ և մեծ դահլիճում համերգ չենք ունեցել, ունեցել ենք, երևի 26-27 տարի առաջ։ Այսօր երգելու ենք բացառիկ հրճվանքով և ուրախությամբ, մեր ժողովրդին ուզում ենք պարգևել բարձր, գեղեցիկ ու հաճելի տրամադրություն», – Jnews-ի հետ զրույցում ասաց Թովմաս Պողոսյանը։
Համեգին ելույթ ունեցան նաև ջավախքցի աշուղ Լեյլին, «Սայաթ-Նովա» անսամբլի բոլոր մեներգիչները, նրանց թվում էր նաև Իրինա Շիպակցյանը, ով աշուղ Ալիքի աշակերտուհին է եղել։ Ինչպես նաև հնչեցին աշուղ Ալիքի երգերը՝ «Իմ Ախալքալաք» և «Գովք Ջավախքին»։
Համերգին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիվանագետներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլք։
Ողջույնի և շնորհակալական խոսքերով հանդես եկան ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը և Ալիկ Քսպոյանը։
Իսկ վաղը՝ մայիսի 28-ին, «Սայաթ-Նովա» համույթը ելույթ կունենա Թբիլիսիում, ավանդական «Վարդատոնի» տոնակատարությանը։
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ստեղծվել է 1927 թվականին երգիչ Շարա Տալյանի կողմից։ 1942-1972 թվականներին անսամբլը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ 1972 թվականին անսամբլը դադարեցրել է գործունեությունը։ 1992 թվականին Թովմաս Պողոսյանն իր շուրջն է համախմբել մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների և վերստեղծել անսամբլը։