Այսօր ժամը 19:00-ին Ախալքալաքի մշակույթի պալատում սկսվեց իտալական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Ջանկարլո Մենոտտիի «Հեռախոս կամ սեր երեքի համար» (The Telephone, or L’Amour à trois) հանրահայտ կամերային օպերան:
Օպերայի բեմադրությունն Ախալքալաքում իրականություն է դարձել «Օպերան դեպի շրջաններ» ծրագրի շրջանակներում, որի նպատակը դասական երաժշտության մասսայականացումն է այն մարզերում, որոնց բնակիչներին այդքան էլ հեշտ չէ գալ և մայրաքաղաքում ունկնդրել օպերա:
«Օպերան դեպի շրջաններ» ծրագրի կազմակերպիչն է «Red Lab Productions» ընկերությունը, որը կենտրոնացած է մշակութային դիվանագիտության վրա՝ արվեստի և ներկայացման միջոցով: Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և այն հովանավորվում է Վրաստանում Ավստրիայի դեսպանատան կողմից:
Սեպտեմբերի 11-ից Աջարիայում, Սամեգրելոյում, Իմերեթիում, Կախեթիում, Քարթլիում անցկացվել են մի շարք ներկայացումներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, սա շրջագայության վերջին ներկայացումն է, և այն տեղի է ունենում Ախալքալաքում:
«Շատ կարևոր է, որ ամեն ինչ տեղի չունենա Թբիլիսիում, այնպես, որ մենք այս ամենը հասանելի դարձնենք բոլորին և այն էլ անվճար: Մենք ուզում ենք, որ մարդիկ ուրախանան: Սա զվարճալի կատակերգություն է», – ասում է օպերային ռեժիսոր Իրինա Գաչեչիլաձեն:
Իրինա Գաչեչիլաձեն այս օպերայի իր վարկածը բեմադրել է Վիեննայի ժողովրդական թատրոնի փոքր բեմում 2019-ի մարտին (Ավստրիա): Իսկ մինչ այդ վրացուհու ներկայացումը ցուցադրվել է Բրատիսլավայում, ինչպես նաև 2015-ին՝ Լոնդոնում, որտեղ Իրինան հավաքել է դերասանների և ստեղծել է «Սրահային օպերա» թատերախումբը:
Ներկայացման մեջ ներգրավված են վրացի և արտասահմանցի կատարողներ և երաժիշտներ: Օպերան բաղկացած է երկու մասից, առաջին մասը` օպերային է, իսկ երկրորդը` համերգային:
«Հեռախոս, կամ սեր երեքի համար» օպերայի սյուժեն բավականին պարզ է: Այստեղ երեք կերպար կա. Անհեթեթ մարդը՝ Լյուսին, ով միշտ հեռախոսով է խոսում, Բենը, ով սիրում է նրան, բայց հավերժ չի կարողանում առաջարկություն անել, ինչպես նաև հեռախոս-բաժանարարը: Օպերան գրվել է 1947 թվականին:
Մշակույթի տան դահլիճում մարդաշատ չէր: Դա կարելի էր ակնկալել, քանի որ չկային աֆիշաներ և իրադարձության մասին նախապես հայտարարված չէր: Քաղաքի բնակիչները և հատկապես շրջանի գյուղերի բնակիչները պարզապես չգիտեին Ախալքալաքում կայանալիք այս մշակութային իրադարձության մասին: