Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի (PISA) շրջանակներում անցկացված հետազոտության համաձայն՝ 2015 թվականից մինչև 2018 թվականը Վրաստանում վատթարացել է տարբեր ոլորտներում աշակերտների գիտելիքների մակարդակը:
Մասնավորապես, հետազոտության համաձայն՝ 2018 թվականին աշակերտները ընթերցանությունից ստացել են 380 միավոր, իսկ 2015 թ.-ին այդ ցուցանիշը եղել է 401: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ցուցանիշը՝ 487 է:
Ինչ վերաբերում է մաթեմատիկային, ապա Վրաստանն այս ուղղությամբ ունի 398 միավոր, իսկ նախորդ տարի ցուցանիշը կազմում էր 404:
Բնական գիտություններից Վրաստանն ունի 383 միավոր, իսկ նախորդ հետազոտության ժամանակ կազմում էր 411: Իսկ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջին գնահատականը 489 է:
Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրն (PISA) իրականացվում է 2000 թվականից, որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում: Հարցումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Վրաստանն այս ծրագրին մասնակցում է սկսած 2009 թվականից:
Համակարգի գնահատումը կատարվում է 15 տարեկան սովորողների շրջանում գիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով՝ համակարգչի միջոցով: PISA-ի առաջադրանքները 3 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնագիտություն: Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար: