Ամեն տարի Ախալքալաքի շրջանի հանրակրթական դպրոցներից թվով 40 ավարտականներ հնարավորություն ունեն պետական ֆինանսավորում ստանալու
Վրաստանի հավատարմագրված բուհերում բարձրագույն կրթություն ստանալու համար:

Շրջաններում ապրող ավարտականներին խրախուսելու և աջակցելու նպատակով Կրթության և գիտության նախարարությունը պետական ֆինանսավորում է տրամադրում 4 տարբեր կատեգորիաներով, և եթե դիմորդը կարողանում է բարձր միավորներ հավաքել ընդունելության 4 քննությունից:

«Սա գրանտային պետական ծրագիր է, որը երկար տարիներ է գործում է, ֆինանսավորումը կարող է լինել տարբեր աստիճանի՝ 30, 50, 70 կամ 100%: Շատ կարևոր է դիմորդի ստացած բալերը: Այն դիմորդը, ով ապրում է բարձրլեռնային շրջանում և հավաքել է բարձր բալեր, տվել է 4 քննություն, այդ դեպքում ինքը մտնում է այդ ծրագրի մեջ», – ասում է Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:

Պետական գրանտային ծրագիրը վերաբերում է՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ երեխաներին, ոչ վրացական դպրոց ավարտածներին և բարձրլեռնային շրջաններում ապրողներին: Ախալքալաքի շրջանից յուրաքանչյուր կատեգորիայում կարող է 10-ական դիմորդ ստանալ պետական աջակցություն:

Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենի խոսքերով վերոնշյալ ծրագրով դիմորդները Ախալքալաքի շրջանում բավականին շատ են, սակայն կոնկրետ վիճակագրություն չկա, թե քանի դիմորդ է պետական ֆինանսավորում ստացել:

Սույն ծրագրով դիմորդները համապատասխան փաստաթղթեր են ներկայացնում տեղական ռեսուրս կենտրոն, որն է այն վերահասցեագրում է ԿԳ նախարարությանը: Իսկ դրական կամ բացասական պատասխանը դիմորդն ինքն է ստանում Նախարարությունից: