Նոյեմբերի 22-ի գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Երեք անձ ձերբակալված են։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում ծանոթացել են իրավիճակին, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տարել քաղաքացիներին։
Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:
Ձերբակալված է երեք անձ, որից մեկը վարորդն է, երկուսը՝ ուղևորներ: Գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանության վարչություն:
Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով: Ընթանում է համապատասխան փորձաքննություն, կատարվում են քննչական գործողություններ:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիներին Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։