2018 թվականին աշխարհում 80 լրագրող է զոհվել, ինչը 15-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս մասին «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել դեկտեմբերի 18-ին:
«2018 թվականին 80 լրագրող է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասված է զեկույցում: Նաեւ նշվում է, որ այս տարի անհետ կորել են ԶԼՄ-ների երեք աշխատակիցներ:
Առավել լայն արձագանք են ստացել հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում եւ փետրվարին Aktuality.sk հրատարակության թղթակից Յան Կուցիակի պատվիրված սպանությունը:
Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների աշխատողների համար այս տարի առավել վտանգավոր երկրներն են եղել Աֆղանստանը (15 զոհված), Սիրիան (11 զոհված) եւ Մեքսիկան (9 զոհված): Այս երկրների շարքում հայտնվել է նաեւ ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի վերջին ամերիկացին հրաձգություն սարքեց Աննապոլիսում (Մերիլենդի նահանգ) Capital Gazette թերթի խմբագրատանը՝ սպանելով հինգ լրագրողների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: