Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բիզնես օմբուդսմենի պաշտոնին նշանակել է Միխեիլ Դաուշվիլիին: Գախարիայի խոսքով, Դաուշվիլիի հիմնական խնդիրը բիզնեսին աջակցելն է լինելու:

«Միևնույն ժամանակ գործարարներին՝ մեր մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, խոշոր գործարար կլինի, թե միջին կամ փոքր, ցանկանում եմ խոստանալ, որ բոլոր խնդիրները, որոնք Դաուշվիլիին կհասնեն, մի քանի րոպեից կլինի նաև վարչապետի աշխատասենյակում»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ Միխեիլ Դաուշվիլին 2019 թվականի օգոստոսից մինչ օրս հանդիսանում էր Ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տնօրենը:

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի բիզնես-օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն և նրա տեղակալ Լևան Կալանդաձեն հրաժարականի վերաբերյալ դիմում են գրել նոյեմբերի 8-ին:

Բիզնես-օմբուդսմենը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

Լեքվինաձեն բիզնես Օմբուդսմենի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունվարին: Մինչ այդ Թբիլիսիի փոխքաղաքապետն էր: