«Վիրայահերի միության» ղեկավար Մարի Առաքելովան դեռ մանկուց է նկատել այն բազում խնդիրները, որոնք իր շուրջ են եղել և իր կյանքի գրեթե բոլոր փուլերում բարձրաձայնել է դրանք, իր աշխատանքով փորձել նպաստել դրանց լուծմանը՝ թե էթնիկ փոքրամասնությունների, թե գենդերային հավասարության, թե մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում:
Բացի այդ, Մարին փորձում է կամուջ ստեղծել հայ և վրաց հասարակությունների միջև, նպաստելով՝ Վրաստանում հայապաշտպանությանն ու հայ հասարակության համախմբմանը:
Մարի Առաքելովան ծնվել է Թբիլիսիում, նախնական կրթությունը ստացել է Թբիլիսիի թիվ 104 դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը՝ Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Այնուհետև մագիստրատուրան շարունակել է Հայաստանում:
Ինչ վերաբերվում է կարիերային, ապա աշխատանքային փորձը Մարին սկսել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունում, այնտեղ աշխատելով մոտ 9 ամիս, այնուհետև իրավաբանական գրասենյակում աշխատել է որպես փաստաբանի օգնական, իսկ 2010-ին սկսել է աշխատել Վրաստանում Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու առաջնորդարանում, որպես առաջնորդի օգնական: Երկու տարի աշխատելուց հետո, աշխատանքի է ընդունվել դեղագործական կազմակերպությունում որպես իրավաբան և գլխավոր հաշվապահի օգնական: Արդեն 2014 թվականին հիմնադրել են «Վիրահայերի միություն» կազմակերպությունը, մինչև 2018 թվականը եղել է կազմակերպության ծրագրերի մենեջեր, իսկ արդեն 2018 թվականից զբաղեցրել է կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
«Մանկական տարիքում զբաղվել եմ պրոֆեսիոնալ թենիսով և 2002 թվականի համահայկական խաղերի հաղթողն եմ եղել, որոշ վնասվածքներ ստանալուց հետո, որոնք սխալ բուժման արդյունքով ազդել են իմ առողջության վրա ցանկանում էի բժիշկ դառնալ, բայց շատ այլ խնդիրներ էի նկատում, որոնք բժշկության միջոցով չէի կարողանա լուծել և որոշեցի դառնալ իրավաբան: Ես ազգությամբ հայ եմ, բայց մայրս վրացի է և ինձ համար խնդիր էր հանդիսանում այն կարծրատիպերը, որոնք գոյություն ուներ հասարակությունում հայերի նկատմամբ: Եվ իմ ընտրած մասնագիտությունն ինձ կօգներ խնդիրների դեմ պայքարում»:
Մարիի խոսքով, «Վիրահայերի միություն» կազմակերպության բացման միտքն էլ որոշ չափով դրանով է պայմանավորված եղել, քանի որ այդ ժամանակահատվածում համայնքը չի ունեցել կոնկրետ դիրքորոշում այս կամ այն հարցի շուրջ: Եվ և այն փորձը, որը նա ստացել է առաջնորդարանում օգնել է հասկանալ, որ շատ ուղղություններով գոյություն ունեն խնդիրներ, որոնց լուծման գործում հայ համայնքը չէր գիտակցում իր դերակատարությունը: Ժամանակի ընթացքում Մարին համոզվել է, որ համայնքային գործունեությունն այն ոլորտն է, որը նրան չի ձանձրացնում և որոշել է իր ներուժը ամբողջությամբ դնել այդ գործի մեջ:
Թե ինչպիսի բարդությունների հետ է առնչվել կազմակերպությունը բացելիս Մարին պատասխանում է.
«Պետական մակարդակով խոչընդոտներ չեղան, լուրջ խնդիրների բախվեցինք հենց համայնքի ներսում, երբ փորձեցինք որպես կառույց մեր խոսքն ասել: Ժամանակի ընթացքում մենք կարողացանք համայնքի ներսում մեր խոսքը լսելի և ընդունելի դարձնել»:
Մարին կարևորում և իր պրակտիկայում օգտագործում է կամուրջներ գտնելու և շփման եզրեր փնտրելու տարբերակը, խնդիրների մասին խոսելուց պակաս չկարևորելով դրականը ներկայացնելը և դրա վառ օրինակն իր նախաձեռնությամբ 2015 թվականից իրականացվող Փարաջանովի անվան ամենամյա մրցույթն է, որը հնարավորություն է տալիս ներկայացնել մշակույթը:
Համեմատականներ անցկացնելով մի քանի տարի առաջվա և արդի խնդիրնեի միջև Մարին նկատում է՝ պետական մակարդակով դրանցից շատերն են լուծումներ գտել՝ թե մշակութային և թե կրթական առումով, բայց ինչ վերաբերվում է համայնքին, ապա այդ խնդիրները գնալով շատանում են:
«Ցավոք, մեր համայնքում միասնություն չկա: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեկը հասնում է հաջողության, դա փորձում է անել համայնքի դերը խաթարելու հաշվին: Ինձ համար անհասկանալի է, երբ փորձում են նվաստացնել և թերագնահատել այն ակունքը, որտեղից դուրս են եկել: Շատ ցավոտ թեմա է նաև կանանց իրավունքները, որոնք հաճախ են ոտնահարվում, կրթությունը, առողջապահությունը ևս մնում են իրենց լիարժեք լուծումը չգտած խնդիրների շարքում: Չեմ հասկանում ինչն է պատճառը, որ հաճախ մարդիկ սեփական եսից այն կողմ ոչինչ չեն կարողանում տեսնել և գերագնահատում են սեփական հնարավորությունները, իսկ ամենացավալին այն է, որ մեզ համար ոչինչ դաս չի լինում»:
Իսկ ի՞նչն է ուժ տալիս մեր հերոսուհուն դիմակայելու այսչափ խնդիրներին և նույն ոգևորությամբ շարունակելու իր աշխատանքը: նրա պատասխանը հսատկ էր՝ երիտասարդությունն ու նոր սերունդը, կյանքը:
«Ես մեծ հույս ունեմ, որ այս սերունդը կկարողանա պայքարել խնդիրների դեմ: Հեռանկար տեսնում եմ նրանց մեջ, հաճախ պատահաբար տեսնում կամ լսում եմ երիտասարդների մասին, որոնց նայելով հասկանում եմ, որ իրենք նոր աշխարհ են և, վստահ եմ՝ չեն կրկնի նույն սխալները, այլ կհասնեն հաջողության: Դա ակնհայտ էր վերջին քաղաքական գործընթացները, երբ շատերն իրենց ազատ կարծիքն արտահայտեցին, կարողացան կողմնորոշվել: Հենց նրանց հետ աշխատելն է ինձ հույս ներշնչում»:
Ապագա ծրագրերի մասին խոսելիս Մարի Առաքելովան ասում է, որ այս պահին Արամյանց հիվանդանոցի բժիշկների նախաձեռնությամբ, որին ինքը ևս օգնում է, ցանկանում են հիվանդանոցում հուշակոթող տեղադրել:
Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, ժամանակ է գտնում սպորտով զբաղվելու համար: