Վերջերս հաճախ են տեղեկություններ հայտնվում բնիկների կողմից Վրաստանի քաղաքացիությունը վերադարձնելու, պահպանելու կամ ձեռք բերելու ընթացակարգը պարզեցնելու անհրաժեշտության մասին։ Ջավախքում այս հարցն արդեն երկար ժամանակ է արդիական։ Jnews-ը փաստաբաններից տեղեկացավ, թե ինչպես է դա հնարավոր անել գործող օրենսդրության շրջանակներում։

Դեռ այս տարվա մարտին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել կողմ՝ վրաստանցիների, Ռուսաստանից վերադարձածների, Աբխազիայից փախստականների և օկուպացված տարածքների բնակիչների քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցմանը։

«Ազգային շահերից է բխում, որ մենք չկորցնենք 1991 թվականի հանրաքվեին մասնակցած ոչ մի վրացու, և որ չկորցնենք նրանց ժառանգներից և ոչ մեկին», – ասել է Նախագահը խորհրդարանում իր ամենամյա ելույթում:

Վերջերս այս թեման հայտնվեց համացանցային տարածքում՝ հավաքվելով «Դաբրունդեբա» կոչվող շարժման մեջ, վրաստանցիները և նրանց ժառանգները, ովքեր չէին կարողացել Վրաստանի քաղաքացիություն ստանալ, հայտարարել էին ապրիլի 13-ին Վրաստանի խորհրդարանում անցկացվելիք ակցիայի մասին։ Ակցիայի կազմակերպիչները կողմ են վրացական արմատներ ունեցողների համար Վրաստանի քաղաքացիության ստացման պարզեցմանը։ Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ վերջին շրջանում այն մարդկանց, ովքեր երազում են հայրենիք վերադառնալու մասին, մերժումները կրում են համակարգային բնույթ։

Այս թեման երկար տարիներ արդիական է Ջավախքում, որի բնակիչներից շատերը ևս կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը՝ Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, որպեսզի մեկնեին արտագնա աշխատանքի։ Կորցրած քաղաքացիությունը վերականգնելու հնարավորություն կա, բայց դրա համար անհրաժեշտ է լեզվի իմացություն՝ հարկավոր է հանձնել քննություն, ինչը խոչընդոտ է Ջավախքի բնակիչների մեծահասակ սերնդի համար։ Քաղաքացիությունը կորցրածների մեծ մասը տղամարդիկ են, ովքեր սեզոնային աշխատանքների են մեկնում գարնան սկվելուն պես, երբեմն նաև՝ հունվարին, փետրվարին, իսկ վերադառնում են դեկտեմբերին, քանի որ այստեղ նրանք աշխատանք չունեն։

Գոյություն ունեն երեք տեսակի մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ Վրաստանի քաղաքացիություն.
1. Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց քաղաքացիությունը այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով։
2. Մարդիկ, ովքեր իրենք են հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար։
3. Մարդիկ, ովքեր երբեք քաղաքացիություն չեն ունեցել, բայց ցանկանում են ստանալ այն։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիության համար հիմք կարող է հանդիսանալ այն, որ այլ երկրի քաղաքացին ինքն է ծնվել Վրաստանում կամ նրա նախնիները Վրաստանից են, ինչպես նաև այն, որ նա Վրաստանն իր հայրենիքն է համարում։

«Բացառության կարգով մենք գիտենք երկու երկիր՝ Իսրայելն ու Հայաստանը, որտեղ ազգությունը բավարար հիմք է քաղաքացիություն ստանալու համար։ Շատ քիչ պետություններ կան, որտեղ քաղաքացիություն ստանալը հեշտությամբ է տեղի ունենում։ Եթե, օրինակ, հայաստանցի եզդին ցանկանա Հայաստանի քաղաքացիություն ստանալ, ապա նրան կարող են մերժել, քանի որ նա ազգությամբ հայ չէ։ Վրաստանը նման երկրների շարքում չէ։ Այստեղ քաղաքացիություն տալու ժամանակ, իհարկե, հաշվի է առնվում, որ դու արմատներով Վրաստանից ես, բայց շեշտը դրված չէ ազգության վրա։ Կան հատուկ հանձնաժողովներ, որոնց հետ պետք է հարցազրույցներ անցկացվեն, և միայն դրանից հետո է որոշվում քաղաքացիությունը շնորհելու հարցը։ Լինում են դեպքեր, երբ հաշվի չեն առնվում ոչ ծննդավայրը, ոչ նախնիները, և նույնիսկ հանձնված քննությունները՝ ոչինչ, ուստի կարող են մերժել։ Դա պայմանավորված է նրանով, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Վրաստանում հատուկ ծառայություններն ու տարբեր կառույցները, նախարարությունները, դատախազությունը, ֆինանսների նախարարությունը և այլն, եզրակացություններ են տալիս, թե արդյո՞ք տվյալ անձին քաղաքացիություն շնորհելը բխում է պետական շահերից, թե ոչ»,- ասում է իրավաբան, քաղաքացիության հարցերով մասնագետ Անդրանիկ Մինասյանը։

Փաստաբանը կարծում է, որ պետության շահերից է բխում այն, որ սոցիալ-տնտեսական հարցեր լուծելու համար արտերկիր մեկնած մարդիկ մնան Վրաստանի քաղաքացիներ, եթե այդ մարդիկ իրապես համարում են, որ Վրաստանն իրենց հայրենիքն է։

«Ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է հաշվի առնել այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Բազմաթիվ քաղաքացիներ՝ ելնելով սոցիալ-տնտեսական կարիքներից, ստիպված են եղել մեկնել արտագնա աշխատանքների, այդ թվում՝ Ռուսաստան, Հունաստանում, Թուրքիա, Իտալիա և այլ երկրներ։ Հայեր, վրացիներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Կա դեպք էլ, երբ արտագաղթը թեթևացնելու նպատակով այլ երկրի քաղաքացիություն են ընդունում՝ ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց ընտանիքներին կերակրելու մտադրությամբ։ Եթե ցանկանային մնալ այնտեղ, չէին մտածի Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու մասին»,- ասում է իրավաբան Անդրանիկ Մինասյանը։

Ջավախքի բնակիչների համար, ովքեր հիմնականում պետական լեզվի չիմացության պատճառով Վրաստանի քաղաքացիության պահպանման, վերականգնման հետ կապված խնդիրներ ունեն, փաստաբանը կարծում է, որ ելք կա՝ կատարել փոփոխություն օրենսդրության մեջ։

«Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական օրենքում անհրաժեշտ է փոխել այն հոդվածը, այն կետը, որտեղ նշվում է վրաց լեզվի, Վրաստանի պատմության և իրավունքի հիմունքների քննությունների հարցը, այսինքն՝ պետք է հանեն 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը՝ վերաբերող վրացերենի քննությանը: Թեստը 10 հարցից է բաղկացած, եթե պատասխանում եք 7-ին, ապա քննությունը հանձնված է համարվում: Նրանք կարող են դա ամբողջությամբ հանել կամ գրել, որ այս քննությունը կարող են չհանձնել Վրաստանի քաղաքացիությունից տնտեսական պատճառներով հրաժարված անձինք: Մյուս հոդվածը քաղաքացիության վերականգնման ժամանակավոր իրավունքն է, այստեղ ևս հնարավոր է փոփոխություն կատարել։ Այս դեպքում 2 պահանջ կա, և կրկին կարելի է շտկում կատարել կամ հանել վրաց լեզվի քննությանը վերաբերող՝ 32-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը»,- ասում է նա։

Քաղաքացիության կորստի խնդիրն արդիական է ոչ միայն Ջավախքի, այլեւ Վրաստանի մյուս բնակիչների համար, ովքեր հայրենիքում աշխատանքի բացակայության պատճառով ստիպված են գումար վաստակել այլ երկրներում։ Փաստաբան Անդրանիկ Մինասյանի կարծիքով՝ օրենսդրությունը փոխելու համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում։