Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ ոռոգման համակարգի արդիականացմանը նվիրված նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից «Տեղական նախագծերի օգնություն` հումանիտար անվտանգության համար» շրջանակներում:

Բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Դիլիսկա գյուղում:

Բացմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ախալքալաքի շրջանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ: Հատուկ հյուրի կարգավիճակով` հանդիսավոր շնորհանդեսին ներկա էր Վրաստանում Ճապոնիայի արտակարգ ու լիազոր դեսպան Տոշիտո Կաիտանին, ում տեղի բնակիչները դիմավորեցին աղ ու հացով:

«Վրաստանը ու Ճապոնիան եղբայրական երկրներ են, ես շատ ուրախ եմ, որ Ճապոնիան ու ճապոնական ժողովուրդը կարող են այսպիսի օգնություն ցուցաբերել ձեր ժողովրդին ու Վրաստանին:

Ոռոգման ժամանակակից համակարգը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլ նաև ամբողջ երկրին, որպեսզի բարձրանա բնակչության կենսամակարդակը: Ես կցանկանայի, որպեսզի նախագիծը լիներ Ճապոնիայի ու Վրաստանի մերձեցման մի նոր կամուրջ», – ասաց Ճապոնիայի դեսպան Տոշիո Կաիտանին:

Շինությունը դիտելուց հետո, որտեղ պահպանվում է անձրևային ոռոգման համակարգը, ներկաները ուղևորվեցին դեպի Զրես լիճը, որի շուրջ գտնվում են ցանքատարածություններ: Հյուրերը տեղում տեսան, թե ինչպես է աշխատում Ախալքալաքի շրջանի համար կառուցված նոր ոռոգման համակարգը: Նշված համակարգը բաղկացած է պոմպից, շարժական խողովակաշարից ու 4 հեկտարի համար ցնցուղներից:

Հաջորդ տարվանից այս նոր համակարգը կծառայի տեղաբնակներին, բայց արդեն վճարովի` «Կարգիլ» կոոպերատիվի վերահսկողությամբ:

Այս նախագծի պայմանագիրը ստորագրվել էր 2015 թվականի հունվարի 28-ին Վրաստանում Ճապոնիայի արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնական նստավայրում: Ախալքալաքի ոռոգման համակարգի արդիականացմանը նվիրված նախագծի պայմանագիրը ստորագրվել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանության ու «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման միջև:
Ճապոնիայի կողմից հատկացված դրամաշնորհը 87 742 դոլարի չափով ուղղված է Ախալքալաքի շրջանի գյուղատնտեսության ոռոգման համակարգի համար, ինչը նախատեսված է 100 տեղական ֆերմերային տնտեսությունների համար:

Նախագծի նպատակը նոր ոռոգման համակարգերի ներդրումն է, որը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային պաշարները, համատեղելու միաժամանակ ոռոգումը և բերքի պարարտացումը, նաև պայքարը վնասատուների դեմ:

Քրիստինա Մարաբյան