Գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղական զարգացման գործակալությունը մեղվաբուծական կոոպերատիվների համար իրականացնում է ծրագիր: Ֆինանսավորվում է մեղվաբուծության զարգացման ծրագրի արժեքի մինչև 80%-ը։
Մայիսի 1-ից մեկնարկել է մեղվաբույծների համար նախատեսված ծրագիրը, որին կարող են մասնակցել միայն կոոպերատիվները։ Ծրագիրը վերջնաժամկետ չունի, այն կտևի այնքան ժամանակ, որքան կբավարարի մեղվաբույծների ֆինանսավորմանը հատկացված գումարը։ Պետական ֆինանսավորման չափը կազմում է ծրագրի ընդհանուր արժեքի 80%-ը, բայց ոչ ավելի, քան 30 000 լարի, 20%-ը կազմում է ինքնաֆինանսավորման մասնաբաժինը: Ծրագրով ֆինանսավորվում է մեղվափեթակների, ցենտրիֆուգներըի (մեղր քամելու սարքավորում), մեղրի պահեստավորման տարաների, տրանսֆորմատորի և այլ սարքերի գնումը։ Ֆինանսավորվում է ոչ ավելի, քան 100 փեթակների գնումը։
Ախալքալաքում, որպես լեռնային շրջան, կոոպերատիվ կարող է ստեղծվել 5 անդամով։ Ծրագրին մասնակցելու համար կոոպերատիվները պետք է ունենան կարգավիճակ:
«Ֆինանսավորման հայտերը ներկայացվում են առցանց: Մեր շրջանից այժմ կոոպերատիվ է ստեղծվում ծրագրին մասնակցելու համար»,- ասում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանը։
Մասնակցելու համար կոոպերատիվը պետք է ներկայացնի աուդիտից փաստաթուղթ առ այն, որ իրապես ունի համապատասխան քանակի փեթակներ, փաստաթուղթ հարկայինից, որ պետության նկատմամբ պարտավորություններ չունի, բանկից ներկայացնի նաև հաշվեհամար: Եվ ծրագրի ֆինանսավորման դեպքում կոոպերատիվը հաշվին պետք է ունենա նախագծի ընդհանուր արժեքի 20%-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոն:
Ցանկացողները կարող են գրանցվել rda.gov.ge կայքում:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի տվյալներով, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 70 կոոպերատիվ, որոնցից միայն 13-ն ունեն կարգավիճակ։