Այսօր՝ մայիսի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում կրկին քննարկվեց չիրացված կարտոֆիլի հարցը, ինչպես նաեւ պարարտման ազոտի բացակայությունը:
Կարտոֆիլի իրացման և ազոտի պակասության հետ կապված իրավիճակը քննարկելու համար, որում այսօր հայտնվել են շրջանի ֆերմերները, «Քարթուլի Օցնեբա-Ագրարուլի» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին, քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, ինչպես նաև հանդիպմանը ներկա էր Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:
Հանդիպումը նախաձեռնել էին «Քարթուլի Օցնեբա – Ագրարուլի» խմբակցության պատգամավորները՝ Սամվել Պետրոսյանը, Զաուր Պաքսաձեն, Սիմոն Մանանյանը:
Հանդիպման և քննարկման գլխավոր թեման անցյալ տարվա կարտոֆիլի բերքի իրացման գործում ֆերմերներին օգնելու քայլերի սահմանումն էր, ինչպես նաև ազոտի պակասի հարցի լուծումը: Ներկաներն ասացին, որ պետք է արդեն այսօր աշխատել, որպեսզի հետագայում, ընթացիկ տարվա աշնանը, իրացման հետ կապված նույն վիճակը չկրկնվի: Նրանք քննարկեցին իրացման բոլոր տարբերակները՝ Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության համար գնումները, որպեսզի Ջավախքում իրականացվեն գնումների առնվազն 45% -ը, Ջավախքի կարտոֆիլի համար դոտացիաները, տարածաշրջանում ընդումնան կենտրոնների ստեղծումը:
«Ես համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումն այս պահին լուրջ փոփոխություններ չի կարող բերել, բայց անհրաժեշտ է, որպեսզի վաղն էլ նման իրավիճակ չունենանք: Եկեք նախարարին նամակ գրենք: Հիմա Սամվել Մանուկյանը Թբիլիսիում է, եկեք դիմենք նրան, թող գնա նախարարի կամ նրա տեղակալների մոտ, հրավիրի նրանց գալ Ախալքալաք և քննարկել իրավիճակը », – ասաց Սամվել Պետրոսյանը:
Նրանցից յուրաքանչյուրը նշեց, որ իրենք արել են այն ամենը, ինչ իրենց իրավասության շրջանակներում է եղել, բայց արդեն փաստ է, որ շրջանում մնացել է շատ չիրացված կարտոֆիլ: Եվ 10 օրվա ընթացքում, որ ունեն ֆերմերները, անհնար է վաճառել շրջանում մնացած ողջ կարտոֆիլը: Նրանք նշեցին, որ այս պահին գնորդները կարտոֆիլ են տանում Ռուսաստան, բայց առաջարկի համեմատ պահանջարկը շատ քիչ է: Ղազախստանցի գործարարները, ովքեր մեկ անգամ կարտոֆիլ են գնել Ջավախքից, այլեւս չեն վերադարձել:
Հանդիպմանը հնչեցին պահանջներ Գյուղնախարարության դեմ, որ նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձնում Ախալքալաքին:
«Եկեք տեսնենք, թե նախարարությունում աշխատող այդ 13 արտահանողներն ինչ են արել մեկ տարվա ընթացքում կոնկրետ Ախալքալաքի համար: Նրանք պիտի գործարարներին ուղղորդեին շրջան: Գուցե նրանք ինչ-որ բան են արել այլ շրջանների համար, բայց մենք մտածում ենք մեր շրջանի մասին: Ամեն օր նախարարությունում ինչ-որ բան փոխվում է, բայց այն աշխատում է անջատ: Երբ նրանք սկսեցինք ոռոգման համակարգի վերականգնումը, մենք գրեթե ընդգրկված չէինք: Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում: Նրանք սկսում են, անում են, դրանցից հետո մենք միացնում ենք, ոչինչ չի աշխատում: Ես չեմ տեսել, որ ինչ-որ մեկը գար Գյուղատնտեսության նախարարությունից », – ասաց Նաիրի Իրիցյանը:
Քննարկվեց նաեւ ազոտի պակասի հարցը: Բուռն քննարկվեց Ջավախքում գյուղատնտեսության վիճակը և բոլոր ոլորտներում առկա խնդիրները: Ներկաները նշեցին, որ ստեղծված իրավիճակի մեջ որոշ չափով մեղավոր են նաև հենց իրենք՝ ֆերմերները:
«Ես ամեն օր խոսում եմ նահանգպետի հետ, այսօր նույնպես խոսել եմ, նրանք խոստացան, որ մի քանի օրից ազոտի մատակարարման հարցը կկարգավորվի», – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Բուռն քննարկումներից հետո «Քարթուլի Օցնեբա-Ագրարուլի» խմբակցության անդամներն ամփոփելով հանդիպման ժամանակ քննարկված խնդիրները, եկան այն եզրակացության, որ տեղական իշխանությունները պետք է նամակ ուղարկեն Գյուղատնտեսության նախարարություն, որ նրանք մոտ ապագայում օգնեն լուծել ազոտի ձեռքբերման հարցը, որպեսզի ֆերմերներն արդեն կարողանան սկսել ցանքսը և օգնեն լուծել իրացման հետ կապված խնդիրը: Նրանք նաև ընդգծեցին գյուղնախարարի կամ գոնե նրա տեղակալների Ախալքալաք այցի անհրաժեշտությունը, տեղում իրավիճակին ծանոթանալու, քննարկելու և խնդիրների լուծումը գտնելու համար, որպեսզի այս տարվա աշնանը նույն խնդրի առաջ նորից չկանգնեն: