Նոյեմբերի 5-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբլոյի դահլիճում տեղի ունեցավ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակի հանդիպումը տեղի իշխանությունների հետ: Քննարկվեց տեղի բնակչությանը հուզող հարցեր:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի ապարատի ներկայացուցիչները հանդիպել են տեղական իշխանությունների հետ, ներկա էին նաև՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, ինչպես նաև Ժվանիայի վարչարարական դպրոցի, Հանրային ռեեստրի, Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների զարգացման նախարարության, ինչպես նաև Շրջակա միջավայրի և գյուղատնտեսություն նախարարության ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղեկատվական բնույթ էր կրում:
Պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին խոսեց պետական լեզվով տեղեկատվության հասանելիության խնդիրների մասին, ինչի պատճառով շատ պետական ծրագրեր մատչելի չեն ազգային փոքրամասնությունների համար: Նա խոսեց նաև 5-ամյա ծրագրի մասին և հարցրեց, թե ինչ կարող են առաջարկել տեղի պաշտոնյաները, խոսեց բազմազանության և հարստության մասին: Տարածաշրջանի նահանգապետը նույնպես խոսեց տեղեկատվության հասանելիության կարևորության մասին: Նախարարի և նահանգապետի ելույթներից հետո տեղական իշխանությունների ներկայացուցիչները խոսեցին խնդիրների մասին և խնդրեցին լուծել դրանցից մի քանիսը: Շրջանի խնդիրների մասին առաջինը խոսեց իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանը, ով նշեց, որ շատ խնդիրների մասին նա տեղեկացել է բնակչության հետ հանդիպումների ընթացքում: Նրա հարցերը վերաբերում էին հողատարածքների սեփականաշնորհմանը, ինչպես նաև այն հարցին, որ երիտասարդ ընտանիքները հողատարածքներ չունեն և նրանք մնում են առանց եկամուտի: Նա նաև խոսեց Վրաստանի քաղաքացիության կորստի հետ կապված բարդույթների մասին, և խնդրեց, որ կենտրոնական իշխանությունները դյուրինացնեն պետական լեզվի հարցը, որը նախատեսված է քաղաքացիության վերականգնման համար: Նա նաև բարձրացրեց եկեղեցիների վերականգնման հետ կապված խնդիրը, որն այժմ շատ արդիական է տարածաշրջանում: Նա ասաց, որ որոշ գյուղերի բնակիչներ դիմել են իրեն, քանի որ երկար սպասելուց հետո նրանք չեն կարողացել թույլտվություն ստանալ վերականգնման համար:
Հանդիպումը առանց քաղաքական միջադեպի չանցավ, նախկին խորհրդարանի պատգամավոր և ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը որոշ հարցեր հղեց «երկրի ամենամեծ խնդրի` ամբողջականության վերականգնման» վերաբերյալ, և գործող պատգամավորին մեղադրեց, որ նա իր խոսքի տերը չէ, այդ թվում` երկքաղաքացիության առնչությամբ, և որ Հենզել Մկոյանը 20 տարի է խորհրդարանում լռում է:
Խոսեց նաև խորհրդարանի մեկ այլ նախկին պատգամավոր, որը հանդիսանում է Սակրեբուլոյի պատգամավոր՝ Համլետ Մովսիսյանը: Նա խոսեց ուսուցիչների քննությունների մասին և խնդրեց հայկական դպրոցների համար ավելացնել քննություններ մայրենիի և գրականության ուսուցիչների համար, հավելեց, որ նման խտրականությունը ազդում է աշխատավարձերի վրա և տարբերություն է առաջացնում ուսուցիչների միջև: Նա խոսեց նաև եկեղեցիների մասին, մասնավորապես, Գոման գյուղում գտնվող եկեղեցու մասին, որտեղ էլ ապրում է պատգամավորը: Նա ասաց, որ նահանգապետի ներկայացուցիչը եղել է տեղում և գնահատել իրավիճակը, եկեղեցին վթարային է, գյուղում վախենում են դրա փլուզումից: Նա նաև հիշեցրեց ևս երկու վթարային շենքերի` Դիլիսկա և Ազավրեթ գյուղերի դպրոցների շենքերի մասին: Նա հավելեց, որ մունիցիպալիտետի ամենամեծ գյուղերում դպրոցները գտնվում են սարսափելի վիճակում, խնդրեց ուշադրություն դարձնել դրանց վրա կամ էլ վերանորոգել կամ նորերը կառուցել, քանի որ, ըստ նրա, տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ գոտում և երկրաշարժի դեպքում իրավիճակը կարող է ունենալ աղետալի ավարտ:
Ընդհանուր առմամբ, տեղական պաշտոնյաների հարցերը կապված էին հողերի սեփականաշնորհման և գույքերի փաստաթղթերի բացակայության, կորցրած քաղաքացիության, գյուղերում բժիշկների բացակայության, դասագրքերի վատ թարգմանությունների, գյուղական վայրերից աղբահանության և դրա համար տեխնիկայի բացակայության հետ, այն մասին,որ օգտակար և հետաքրքիր ծրագրերի մասին տեղեկատվությունը չի հասնում Ջավախք կամ հասնում է այն ժամանակ, երբ մոտենում է դրանց վերջնաժամկետը: Խոսվեց, որ Ախալքալաքից և Նինոծմինդայից 43 հիվանդ, ովքեր ունեն դիալիզի կարիք, ստիպված են մեկնել այլ քաղաքներ, և որ շրջանային հիվանդանոցում նման ծառայություն չկա: Խոսեցին ոռոգման ջրի բացակայության և գյուղատնտեսական ապահովագրության ու իսպանական ապահովագրության մոդելի հետ կապված խնդիրների մասին:
Պետնախարարի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանեցին որոշ հարցերի և առաջարկեցին կապվել նախարարությունների ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են պատասխանել այլ հարցերին և ներկա են հանդիպմանը: Ցիխելաշվիլին նշեց, որ նման հանդիպումները հաճախակի բնույթ կկրեն նաև Ջավախքի գյուղերում: