Ախալքալաքի նոր Շրջանային ժողովի (Սակրեբուլու) առաջին նիստը պետք է անցկացվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո 30 օրյա ժամկետում:
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նորընտիր պատգամավորների մեծ մասը նոր դեմքեր են քաղաքականության մեջ: Շրջանային ժողովը տեղական ինքնակառավարման օրենսդրական, ներկայացուցչական մարմին է: Սակրեբուլոն բաղկացած է 38 պատգամավորներից՝ 23-ը մեծամասնական, ընտրված տարածքային շրջաններից և 15-ը՝ համամասնական ընտրակարգով:
Ախալքալաքի Շրջանային ժողովը բաղկացած կլինի 4 կուսակցությունների պատգամավորներից: Մեր հաշվարկների համաձայն Սակրեբուլու կմտնեն «Եվրոպական Վրաստանից» և «Ազատ Վրաստանից» մեկական պատգամավոր, «Դաշինքից»՝ հինգ պատգամավոր, իսկ մնացած 31-ը` «Երազանքից»:
Մնացած երեք կուսակցությունները (Քաղաքական շարժում «Ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ», «Միասնական ազգային շարժում» և «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն») չհաղթահարեցին նվազագույն շեմը: Օրենսդրության համաձայն Սակրեբուլո անցնում են այն կուսակցությունների թեկնածուները, ովքեր հաղթահարում են 4 տոկոսանոց շեմը/բարիերը:
Սակրեբուլոյի առաջին նիստը, ըստ «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի», պետք է անցկացվի արդյունքների հրապարակումից հետո 30 օրյա ժամկետում: Առաջին նիստը սկսում է աշխատանքը, եթե համապատասխան ընտրական հանձնաժողովը հաստատում է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի ընտրվելը: Եթե պատգամավորների կեսից ավելին ներկա է, ապա առաջին նիստը բացվում է: Առաջին նիստը բացում է Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը: Նախքան Սակրեբուլոյի նախագահի ընտրությունը, նիստի անցկացման իրավունքը պատկանում է ամենատարեց պատգամավորին:
Սակրեբուլոյի հերթական նիստերը պետք է գումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ Շրջանային ժողովի նախագահի կողմից:
Շուշան Շիրինյան