Փետրվարի 23-ին, Jnews-ի գրասենյակում, Ախալքալաքի շրջանի երիտասարդների համար, «Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդների շրջանում մեդիա գրագիտության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում, անցկացվեց հերթական թրեյնինգը: Թրեյնինգը ՆԱՏՕ-ի և եվրաինտեգրման մասին տարածվող ապատեղեկատվության մասին էր։
Թրեյնինգը վարում էր Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբիշվիլին։ Ակտիվ երիտասարդները հիմնականում գյուղերից էին և Ախալքալաք քաղաքից։
Ապատեղեկատվության խնդիրն այսօր մեր ժամանակների մարտահրավերներից մեկն է։ Սոցցանցերում շատ տարբեր տեղեկություններ կան, մեդիագրագիտությունը սովորեցնում է չվստահել այն ամենին, ինչ հրապարակվում է սոցցանցերում, ստուգել տեղեկատվությունը տարբեր աղբյուրներում և իմանալ ստույգ տեղեկատվությունը։ Ուստի շատ կարևոր է, որ երիտասարդները կարողանան տարբերել չհիմնավորված, ոչ ճիշտ տեղեկատվությունը ճշմարտությունից։
Դասընթացավար Թեոնա Զուրաբիշվիլին մասնակիցներին բացատրեց, թե ինչպես կարելի է տարբերել ապատեղեկատվությունը ճշմարտությունից։ Նա պատմեց ՆԱՏՕ-ի և եվրաինտեգրման մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում, ինչ է տալիս Վրաստանին։ Նա ասաց, որ Վրաստանում տվյալ կազմակերպություններին վերաբերող ապատեղեկատվությունը շատ է։
«Ես բացատրեցի, թե որոնք են տարածվող ապատեղեկատվությունները, ինչ նպատակներ են հետապնդում և ինչպես են ազդում բնակչության կարծիքի վրա, ինչ վնաս կարող են բերել: Երիտասարդները, կարծում եմ, հետաքրքրված էին, նրանք սովորեցին վերստուգել տեղեկատվությունը, որպեսզի հասկանան այն ճիշտ է, թե ոչ»,- ասաց Թեոնա Զուրաբիշվիլին.
Դասընթացը հագեցած էր խաղերով, նկարների ցուցադրությամբ։ Թեոնա Զուրաբիշվիլին դասընթացի ավարտին, երիտասարդներին բաժանեց ՆԱՏՕ-ի և եվրոպական ինտեգրման մասին նյութեր և նվերներ, ինչպես նաև նոթատետրեր։
«Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրը ներառում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդների հավաք, մեդիագրագիտության և ապատեղեկատվության վերաբերյալ հանդիպումներ տեղի և հրավիրյալ դասընթացավարների մասնակցությամբ, որպեսզի երիտասարդները ստանան համապատասխան տեղեկատվություն և գործնական ուսուցում այդ հարցերի մասին: Ստացված տեղեկատվությունը երիտասարդները կփոխանցեն իրենց համագյուղացիներին և ծանոթներին:
Ծրագիրը, որի շրջանակներում կայացել է դասընթացը, իրականացվում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD) նախաձեռնությամբ՝ Նիդերլանդների (Հոլանդիա) դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ծրագիրը կտևի 3 ամիս՝ փետրվարը ներառյալ։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 5 թրեյնինգ, որից չորսն արդեն անց են կացրել տեղի և Թբիլիսիից հրավիրված փորձագետները:
«Պայքար ապատեղեկատվության դեմ երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» ծրագիրն Ախալքալաքում իրականացնում է լրագրող Գայանե Ակոջյանը: Այս նախագիծն ընտրվել է «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի (CIPDD)» ծրագրի շրջանակներում, որը կրում է «Տարբեր կրոնական խմբերի հզորացումը հասարակական և քաղաքացիական գործունեության մեջ» անվանումը: