Կվերանորոգվի Ախալքալաքի մարզահամալիրի ջեռուցման համակարգը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 10 940 լարի: Ախալքալաքի մարզադպրոցի դահլիճում ջեռուցում անցկացնելու համար դեռ միջոցներ չեն հատկացվել:
Ախալքալաքի մարզադպրոցի սպորտդահլիճի ջեռուցման անցկացումը կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով՝ մունիցիպալիտետի բյուջեում գումար չլինելու պատճառով: Ախալքալաքի մարզադպրոցում ցուրտ եղանակներն սկսվելուն պես մեծ սպորտդահլիճի ջեռուցման խնդիրը արդիական է դառնում: Ընդհանուր առմամբ շենքը ջեռուցվում է, բայց մեծ մարզադահլիճը, որը հիմնականում հյուրընկալում է տարբեր մարզական խմբակներ, չի ջեռուցվում:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով՝ Մարզահամալիրի ջեռուցման համակարգի վերանորոգման համար այժմ հատկացվել է 10 940 լարի: Քանի որ մարզահամալիրում տեղի են ունենալու միջազգային մրցումներ, մունիցիպալիտետը որոշում է կայացրել լուծել ջեռուցման խնդիրը: Ինչպես նշում է նա՝ մունիցիպալիտետի բյուջեում միջոցների սղության պատճառով մարզադպրոցի դահլիճում ջեռուցման համար միջոցներ այս պահին չեն հատկացվել:
«Հենց որ միջոցներ լինեն, մենք անպայման կլուծենք Մարզադպրոցում ջեռուցման հարցը», – ասում է նա:
Կլուծվի արդյո՞ք Մարզադպրոցը ջեռուցելու հարցն այս տարի՝ դեռ հայտնի չէ:
Ներկայումս դպրոցում գործում են հետևյալ ստորտաձևերը՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, կարատե և ռեգբի: 2018 թվականին շենքը վերանորոգվել էր տեղական բյուջեի հաշվին, բայց դահլիճում ջեռուցումը չէր անցկացվել: Դպրոցի շենքը կառուցվել է 1935 թվականին: