Ճգնավորի (Վանք) սրբավայրում տեղի ունեցած հերթական վանդալիզմը տարակուսանք առաջացրեց Ախալքալաքի և հարակից գյուղերի բնակիչների շրջանում, մարդիկ պնդում են, որ վանդալիզմը կրկնվել է այն պատճառով, որ հանցագործներին, որոնք պղծել էին մատուռն այս տարվա ապրիլին, չէին գտել և պատժել:
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հայտնի էր դարձել, որ Ախալքալաքի Բավրա ու Խուլգումո գյուղերի միջև ընկած կիրճում գտնվող Ախալքալաքի Ճգնավոր, Վանք կամ Ծաղկավանք կոչվող սրբատեղում ավիրություններ էին տեղի ունեցել: Ըստ ականատեսների՝ սրբատեղին տակնուվրա էր արված, սրբապատկերները նորից կոտրել էին ու թափել։
Տվյալ փաստը տարակուսանք է առաջացրել քաղաքի և մոտակա գյուղերի բնակիչների շրջանում, ովքեր ուխտագնացության են գնում այս մատուռ:
«Այս սրբատեղին գտնվում է այնպիսի վայրում, որ, և՛ ՀԱԵ ծխականները, և՛ կաթոլիկները գալիս են այստեղ, քանի որ այս վայրը գտնվում է կաթոլիկ գյուղի ներքևի մասում», – սոցիալական ցանցերում ասում է օգտատերից մեկը:
Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ով կարող էր նման կերպ վարվել ժողովրդի կողմից սիրված սրբարաններից մեկում:
«Հետաքրքիր է, թե որ մի սրբապիղծն է արել դա: Թող գոնե վախենա Աստծո պատժից… անպայման մի օր պատասխան կտա Աստծո դատաստանի առաջ», – ասում է սոց.ցանցի մեկ այլ օգտատեր:
Շատերը նշում են, որ սրանք այն բանի հետևանքն է, որ վերջին անգամ վանդալները չեն հայտնաբերվել և պատժվել:
«Այստեղ իր դերն է խաղացել անպատժելիության զգացումը: Երբ անպատժելիության մթնոլորտ է տիրում և խրախուսվում է դա, արդյունքն այսպիսին է լինում», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Բնակիչների մի մասը կարծում է, որ նրանք, ովքեր կատարել են վանդալիզմը, ոչ ադեկվատ մարդիկ են:
«Կարծում եմ, որ դրանք պարզապես ոչ ադեկվատ մարդիկ են: Ուրիշ ինչ կարելի է փչացնել: Նրանք չեն կարող մտնել եկեղեցի, որովհետև այնտեղ միշտ մարդիկ կան, իսկ այս վայրն ամայի է: Ահա, թե ինչու են ընտրել այս տեղը: Օրինակ, բերդում կան միայն քարեր, փչացնելու ոչինչ չկա: Նրանք պարզապես վանդալներ են: Ամենուրեք, ցանկացած ազգի մեջ կան այդպիսի մարդիկ», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:
Շատերը փորձում են հասկանալ վանդալիզմի դրդող շարժառիթը:
«Սա երկրորդ անգամն է: Ո՞վ է դա անում և ինչո՞ւ են այդպես անում: Որո՞նք են նրանց նպատակները: Ես չեմ պատկերացնում, որ այդպես կարելի է անել: Չեմ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի մարդը, որ նման կերպ վարվի: Չեմ պատկերացնում, որ այդպիսի մարդ կարող է գոյություն ունենալ: Չեմ կարծում, որ սա ազգային հողի վրա է կատարվում: Չգիտեմ, հիսունականներ, հարյուրականներ, Եհովայի վկաներ, չեմ կարծում, որ նրանք են: Ինչի՞ կհասնեին նրանք դրանով», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա սրբատեղիի սրբապղծման արդեն երկրորդ դեպքն է: Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Այն ժամանակ հետաքննությունը սկսվել էր ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»:
Այս անգամ Վանքում ավիրությունների առնչությամբ հետաքննությունը կատարվում է 156 հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է՝ «Հալածանք, որը իրականացվում է բռնության կամ բռնության սպառնալիքի ճանապարհով»: