Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) հարևանությամբ լքված հանրակացարանի, լվացքատան և ճաշարանի տեղում շուտով կհայտնվի այգի, իսկ մի փոքր հեռու՝ 75 երեխայի համար նախատեսված նոր տիպային մանկապարտեզ։

Երկու տարվա ընթացքում մունիցիպալիտետի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցի ընդարձակ տարածքում կկառուցվի 75 երեխայի համար նախատեսված տիպային մանկապարտեզ։ Շինարարության մրցույթը հայտարարվել և անցկացվել է, պայմանագիրը ևս կնքվել է։ Մրցույթը շահել է Թբիլիսիում գրանցված «Այ-Քեյ-Բի» ՍՊԸ-ն 1 մլն 657 հազար լարիի չափով, իսկ նախնական գումարը կազմել է 1 մլն 821 հազար 822 լարի։

«Մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամն է ֆինանսավորում, նախագիծը կազմված է, շինարարության համար ունեն մոտ 2 տարի, ընտրվել է շինարարության տարածքը, սպասում ենք շինարարական աշխատանքների մեկնարկին: Ինչ վերաբերում է ավերակներին, ապա այս տարածքը մունիցիպալիտետի հաշվեկշռի վրա է, մենք նախագիծն ունենք, այնտեղ մեծ այգի կկառուցվի: Մանկապարտեզը կկառուցվի անկյունային մասում»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Дизайн без названия - 1

Հիշեցնենք, որ Ախալքալաքի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկի նախկին հանրակացարանի եռահարկ շենքից տեղ-տեղ 4 պատ է մնացել, տեղ-տեղ միայն մեկը։ Տանիք չկա։ Կողքին նույն վիճակում ճաշարանի շենքն է, իսկ ավելի հեռու՝ մեկ հարկանի լվացքատունը։ Այս ամենը ներառված է Ախալքալաքի թիվ 5 դպրոցի ընդարձակ տարածքում։ Ուղղվածությունը սովորական դպրոցի վերափոխելով և ԽՍՀՄ փլուզմամբ փլուզվեցին նաև երբեմնի կայուն շենքերը, որոնք իրենց տանիքի տակ էին ընդունում բազմաթիվ երեխաների, բայց այժմ վերջիններս վտանգավոր ավերակների ներքո են։