Ախալքալաքի քաղաքապետարանը, դատարանի որոշմամբ վճարել է Երաժշտական դպրոցի պարտքը՝ «Վրաստանի ջրամատակարարման միավորում» ընկերությանը սպառած ջրի դիմաց: Սակայն Սպորտ դպրոցի պարտքը դեռևս մնում է չվճարված:
Ըստ Ախալքալաքի Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանի, այսօր նրանք այլևս ջրի պարտքեր չունեն:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին, մեր ղեկավարությանը՝ պարտքը վճարելու համար», – ասում է Սվետլանա Կարոյանը:
Ինչպես հաստատում է նա՝ Երաժշտական դպրոցը շատ զգույշ է վերաբերվում ջրի սպառման հարցին, որպեսզի նորից թյուրիմացություն չլինի:
«Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի երեխաները բաց չթողնեն ծորակները», – ասում է նա:
2019 թվականի հունիսին «Վրաստանի ջրամատակարարման միավորում» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան՝ Ախալքալաքի երաժշտական դպրոցի դեմ բաժանորդային պարտքը չվճարելու համար և հաղթել է դատը: Երաժշտական դպրոցի պարտքը կազմում էր 2790.94 լարի:
Ըստ «Վրաստանի ջրամատակարարման միավորում» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թարլամազյանի, Երաժշտական դպրոցն այլևս պարտք չունի, բայց Սպորտ դպրոցի պարտքը դեռևս մնում է:
Մարզադպրոցի պարտքն այսօրվա դրությամբ կազմում է 4444.82 լարի:
Ի՞նչպես են վարվելու Մարզադպրոցի պարտքի հետ, նախատեսում են դատական հայց ներկայացնել, թե՞ ոչ, Արտակ Թարլամազյանն ասում է հետևյալը.
«Մենք դեռ դատական հայց չենք ներկայացրել, բայց եթե մոտ ապագայում չվճարեն, հավանաբար կդիմենք դատարան, որպեսզի դատարանը որոշի», – ասում է նա:
Երկու շաբաթ առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ստեղծված իրավիճակը մեկնաբանել էր հետևյալ կերպ.
«Մենք կստուգենք, եթե մեր հաստատությունները իսկապես օգտագործել են այդքան գումարի ջուր, ուրեմն մենք պետք է վճարենք», – ասել էր նա:
2019 թ.-ի հունիսին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 5,210 լարի էր հատկացվել մունիցիպալ կառույցների կողմից օգտագործվող ջրի դիմաց պարտքերը մարելու համար, սակայն «Վրաստանի ջրամատակարարման միավորման» տվյալների համաձայն՝ երկու հաստատության պարտքն այն ժամանակ կազմում էր 7235.76 լարի: