Մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության ազգային գործակալության պետ Նիկոլոզ Անթիձեի խոսքերով, ներկայումս մշակվում է Ախալքալաքի բերդի վերականգնման նախագիծը:
«Ծրագիրը մեզանից է լինելու, Գործակալության կողմից, մենք աշխատում ենք դրա վրա, տեխնիկական առաջադրանք է կատարվում: Նախագծում կորոշվի, որ բերդում կլինի պահպանողական, թե վերականգնման աշխատանքներ», – նշում է նա:
Գործակալության ղեկավարի խոսքերով, այս փուլում անհրաժեշտ է մաքրել բերդի տարածքը տարբեր թափոններից:
«Մենք խոսել ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի հետ, նրանք կսկսեն բերդի տարածքը մաքրել: Առաջին հերթին անհրաժեշտ է արգելել անասունների մուտքն այս տարածք, ապա մենք կսկսենք կատարել այն հայեցակարգը, որով կվերականգնվի բերդը, գիտեմ, որ շատ շուտով մունիցիպալիտետը կփորձի ավարտել մաքրման աշխատանքները», – կիսվում է Անթիձեն:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Իրակլի Քարսելաձեն ւև Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետ Նիկոլոզ Անթիձեն դիտարկել էին Ախալքալաքի բերդը, որից հետո նրանք հայտարարել էին, որ այն պետք է վերականգնվի: