Ախալքալաքում, փորձագետ Գիորգի Մուչաիձեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և պետհաստատությունների աշխատակիցների համար դասախոսություն կարդաց «ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը. Վրաստանի հետ հարաբերությունները» թեմայով:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, ժամը 14: 00-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի դահլիճում:
Հանդիպումը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ծրագրի շրջանակներում: Դասախոսությունը վերաբերում էր ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հարցերին, այս ուղղությամբ առկա իրավիճակին, խնդիրներին, հեռանկարներին, ինչպես նաև խոսվեց այն մասին, թե ինչ օգուտ է այն բերում Վրաստանի քաղաքացիներին:
Վրաստանի Ատլանտյան խորհրդի գործադիր տնօրեն Գիորգի Մուչաիձեն նաև խոսեց ՆԱՏՕ-ի և Եվրամիության պատմության մասին:
«Նման հանդիպումներ ես և իմ գործընկերներն անցկացնում ենք Վրաստանի բոլոր շրջաններում: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կազմակերպություններ են, որոնց անդամակցության համար պետք է պահպանել որոշ չափանիշներ: Եվ դա կախված է մեզանից: Մենք պետք է իրականացնենք ավելի շատ բարեփոխումներ, պահպանենք նաև ժողովրդավարական սկզբունքները », – ասաց Գիորգի Մուչաիձեն:
Իր այցի շրջանակներում նա հանդիպել էր նաև Ախալքալաքի համալսարանի ուսանողների հետ, որոնց հետ նա խոսել էր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի Վրաստանի հետ ներկայիս հարաբերությունների մասին: