Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը սկսել է մարզագույք բաժանել դիմումներ ներկայացրած գյուղերին:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է տենդերային առքի գործարքով գնված մարզական գույքի բաժանումը: Բազում հայտարարություններից հետո մարզագույքի գնման տենդերը կայացավ: Այն 32 060 լարիի չափով շահեց թբիլիսյան «Սպորտուլի» ՍՊԸ- ն: Տենդերային փաստաթղթերի համաձայն, ձեռք է բերվել 5 վարժասարք, 40 ֆուտբոլի գնդակ, 40 քառ / մարզումների բացվող գորգ (տատամի), 8 բռնցքամարտի ձեռնոց, 3 մարզական տանձիկ, 40 այլ տեսակի գնդակ, 7 ֆուտբոլային դարպաս, 15 թենիսի ցանց, ֆուտբոլային համազգեստի 11 կոմպլեկտ, այլ տեսակի սպորտային համազգեստի 8 կոմպլեկտ, 1 սեղանի թենիսի, 5-ական կոմպլեկտ շախմատ և շաշկի:
Մարզագույք կստանա մունիցիպալիտետի մոտ 20 գյուղ: Մարզագույք ստանալու համար հայտ է ներկայացրել 13 գյուղ:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, մարզագույքն առաջին հերթին կստանան հայտ ներկայացրած գյուղերը, հետո միայն մնացած գյուղերը:
Որոշ գյուղեր մարզագույքը պետք է ստանային դեռ 2018 թվականին, սակայն գույքի կոմպլեկտները լրակազմ չէին, այդ իսկ պատճառով դրանք չէին բաժանվել: Այս գյուղերը նույնպես կստանան մարզագույք:
Վալերի Ստելմաշովի խոսքով, Խուլգումոն, Կարտիկամը, Կուլիկամը, Բավրան, Խոսպիոն, Խանդոն, Ագանան, Տուրցխը, Մեծ Սամսարը մարզագույքն արդեն ստացել են:
«Ստացված մարզագույքի կեսն արդեն բաժանվել է, կարծեմ 9 գյուղ արդեն ստացել է, մնացածին աստիճանաբար բաժանում ենք, բոլորին միանգամից չենք ուզում հավաքել: Մենք բաժանում ենք նաև այն մարզագույքը, որը ձեռք էինք բերել 2018 թվականին, բայց դեռ չէինք բաժանել: Եթե որևէ մարզագույք մնա, մենք դրանք կբաժանենք այն գյուղերին, որոնք դիմում չեն ներկայացրել, սակայն դրանց կարիքն ունեն », – ասում է Վալերի Ստելմաշովը: