Ախալքալաքի շրջանի դպրոցներից 22 աշակերտ հոկտեմբերի 24-ին ստացել են իրենց «առաջին համակարգիչը»։
Աբուլի հանրային դպրոցից՝ 1 աշակերտ, Դադեշի հանրային դպրոց՝ 1 աշակերտ, Կարտիկամի հանրային դպրոց՝ 2 աշակերտ, Դիլիսկա գյուղի թիվ 2 դպրոցից՝ 1 աշակերտ, Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցից՝ 1 աշակերտ, Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցից՝ 4 աշակերտ, Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցից՝ 3 աշակերտ, Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցից՝ 9 աշակերտ։
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արաքսյա Մանվելյանը այն «երջանիկներից» է, ով ստացել է համակարգիչ։
«8-րդ դասարանում իմացա նախագծի մասին։ Լավ եմ սովորում դպրոցում։ Լսելով նախագծի մասին լարվածություն չեմ ունեցել, քանի որ գիտեի, որ գնահատակններս բարձր է և ստանալու եմ համակարգիչ։ Շատ ուրախ և երջանիկ զգացի ինձ, քանի որ ես կարողացա իմ կյանքում հասնել իմ առաջին մեծ հաջողությանը», – ասաց Արաքսյան։
Արաքսյան հասնելով այս հաջողությանը, ուզում է նաև մասնակցել FLEX ծրագրին և ապագայում կրթությունը շարունակել Ամերիկայում։
Դեմիրճյան դպրոցի մեկ այլ սան էլ, ով հիմա արդեն կրթությունը շարունակում է Երևանում, շնորհակալություն է հայտնում գնահատված երեք տարիների համար։
«Ես Երևանում էի սովորում, հետո 5-րդ դասարանից եկա այստեղ սովորելու, գերազանցիկ եմ եղել, գնահատականներս բոլորը 10 էին։ 9-րդ դասարանից գնացի Երևան սովորելու, այստեղի գնահատականներով այնտեղ անվճար ընդունվեցի։ Գիտեի, որ ստանալու եմ համակարգիչ», – ասաց Գալստյան Ռուզաննան։
Նա նաև մեծ ուրախությամբ նշեց, որ շատ շնորհակալ է, որ աշակերտներին այս ձև գնահատում են։ Ռուզաննա իր համակարգիչը կտանի իր հետ, ուսման մեջ օգտագործելու համար։
Առաջադեմ աշակերտների երեք տարվա գնահատականները դպրոցից ներկայացվում են մունիցիպալիտետի կրթական ռեսուրս կենտրոնին, այնտեղից նախարարություն և ըստ այդմ որոշվում է, թե որ աշակերտի գնահատականներն են համապատասխանում համակարգիչ ստանալու համար։
Ծրագրի շրջանակներում այս տարի ամբողջ Վրաստանում 3 857 աշակերտ ստացավ համակարգիչ։
Սամցխե-Ջավախքից 123 աշակերտ համակարգիչ ստացան, որից Ախալքալաքի դպրոցներից՝ 22 աշակերտ, Նինոծմինդայից՝ 39, Ասպինձայից՝ 9-ը, Ադիգենից՝ 14 և 39-ը՝ Բորժոմից:
Համակարգիչներ կստանան այն աշակերտները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ։
Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Իմ առաջին համակարգիչ» ծրագիրը իրականացնում է սկսած 2009 թվականից։
Գայանե Ակոջյան