Այս տարվանից Վրաստանում որոշել են չեղարկել դպրոցական ավարտական քննությունները: Քննությունների չեղարկման հետևանքների մասին խոսում են ուսուցիչները:
Վրաստանի կրթության նախարարությունը նոր կանոններ է սահմանել դպրոցական ավարտական վկայագրերի տրամադրման համար, որոնք կգործարկվեն հենց այս տարվանից:
2018-2019 ուսումնական տարվանից սկսած Վրաստանում կպարզեցվի դպրոցներում ավարտական քննությունների հարցը 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար աշակերտներն ընդամենը պետք է դրական գնահատականներ ստանան բոլոր առարկաներից, այսինքն՝ 5 և ավելի միավոր՝ գնահատման 10 բալանոց համակարգով:
Երկրի կրթության նախարարությունից մեկնաբանում են, որ քննությունների չեղարկումն ուղղված է կրթական համակարգում դպրոցի դերի ուժեղացմանը: Սակայն ուսուցիչներն ահազանգում են՝ քննությունների չեղարկումը լուրջ հետընթաց է կրթական ոլորտում:
«Եթե քննությունը լիներ բալային, շատ լավ կլիներ, որովհետև ձգտում կար աշակերտների մեջ: Ես անձամբ զգացել եմ, թե ինչպես մի տարի առաջ իմ աշակերտներն ջանասիրությամբ էին աշխատում, մրցակցություն կար և նրանք արդյունքի հասան: Ոգևորվում էին, երբ ավարտական քննությունների ժամանակ 9,3, 9,6 էին ստանում, աշակերտները պրպտում էին, որ ավելին իմանան գերազանց անրդյունք ապահովելու համար: Իսկ ես, որպես մանկավարժ գնահատված էի զգում, որ իմ աշակերտը բարձր արդյունքի է հասել», – նշում է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի ուսուցիչներից մեկը:
Նրա խոսքերով, կրթական նոր բարեփոխությունների հիմքում աշակերտների հավասարությունն է դրված, ինչն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր են նաև նրանց ընդունակությունները և, ըստ այդմ էլ նրանց գիտելիքները:
«Անցած տարի աշակերտներն ավարտական քննությունները հանձնեցին «գիլոցավթ»-ով ու «սամծուխառոդ»-ով, արդյունքում աշակերտների մեջ հետաքրքրությունը մեռավ: Նրանք մտածում են, որ կանցնեն, չեն ձգտում, որ գիտելիք ունենան, իրենց միայն հետաքրքրում էր, որ անցնեն քննությունը: Ըստ իրենց մտածում են, որ լավ է, աշակերտների միջև տարբերություն պիտի չլինի, բայց բալային սիստեմը հենց կրթությունը խթանող միջոց էր», – ասաց նա, ով արդեն 43 տարի է դպրոցում է, և դասավանդել է կրթական տարբեր սիստեմների ժամանակ:
Ախալքալաքի դպրոցներում դասավանդող ուսուցիչները բացասական են վերաբերվում դպրոցներում քննությունների չեղարկմանը: Նրանք նշում են՝ կրթական բարեփոխումների արդյունքում սերունդ է «կործանվում»: Աշակերտներին մասնագիտական կողմնորոշում և խորացված գիտելիքներ տալու մասին խոսելն արդեն անիմաստ է:
«Ճիշտ է կան երեխաներ, որոնք անկախ ամեն ինչից սովորում են, ձգտում են և քննության լինել չլինելը չի կարող ազդել նրա կրթական մակարդակի վրա, սակայն նրանք եզակիներ են: Բարեփոխում են ասում, բայց այս ամենի արդյունքում սերունդ է կործանվում: Շատ տարրական բաներ այսօր 12 դասարանի աշակերտը չգիտի», – ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտը:
Մանկավարժներն անհամապատասխանություն են տեսնում դպրոցական ծրագրերի և աշակերտներից պահանջվող գիտելիքների միջև, որը հաճախ լրացվում է դպրոցից դուրս անհատական պարապմունքների միջոցով: Իսկ դպրոցական ավարտական քննությունների չեղարկումն իսկական անջրպետ է աշակերտ-դպրոց-կրթություն հարթությունում:
Աղունիկ Այվազյան