Երեխաներին մանկապարտեզներ տեղափոխելու համար քաղաքապետարանն այս տարի երկու անգամ տենդեր է հայտարարել, բայց մասնակիցներ չեն եղել: Շուտով տենդերը կհայտարարվի երրորդ անգամ:
Տարբեր գյուղերից երեխաներին քաղաքի մանկապարտեզներ, ինչպես նաև այլ գյուղեր տեղափոխելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետը տարեսկզբին հատկացրել էր 41,000 լարի: Տարեսկզբից մունիցիապլիտետը տրանսպորտավորման համար երկու անգամ տենդեր է հայտարարել, սակայն ոչ ոք չի մասնակցել դրանց, և արդյունքում երկու անգամն էլ տենդերը չի կայացել:
«Հիմա մենք արդեն երրորդ անգամ ենք պատրաստվում հայտարարել, մենք հիմա արդեն բարձրացրել ենք գինը և հուսով ենք, որ մասնակիցներ կլինեն: Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք հոկտեմբերի 15-ից կսկսեն երեխաների տեղափոխումը»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը:
Ըստ կանոնակարգի, պետությունը 1 կմ փոխադրման համար նախատեսել է 2,31 լարի, սակայն անհաջող փորձերից հետո, երբ ոչ ոք չմասնակցեց տենդերներին, մունիցիպալիտետը պատրաստվում է մրցույթը հայտարարել 1 կմ-ի համար 3,50 լարի հաշվարկով:
Հիմա երեխաների տեղափոխման համար ծնողներն իրենք են վճարում վարորդներին, և նրանք ավելի շատ (ամսական 600 լարի) են ստանում, քան պետությունը կարող է վճարել, այդ պատճառով ոչ ոք տենդերներին չի մասնակցել:
Ըստ Վալերի Ստելմաշովի, իրենք տրանսպորտավորման համար չեն կարող իրենց տույլ տալ վարորդներին վճարել ավելին: Երրորդ տենդերը կհայտարարվի 2,5 ամսով, այսինքն՝ մինչև տարեվերջ, և այս ժամանակահատվածի համար մունիցիպալիտետը մտադիր է հատկացնել 26,700 լարի:
«Հաջորդ տարի մեզ ավելի շատ գումար կպահանջվի, քան հատկացվել էր տարեսկզբին», – ասում է Վալերի Ստելմաշովը:
Երեխաների տեղափոխումը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով.
Էխտիլա և Մերերենիա գյուղերից Բարալեթ գյուղ
Բոզալի և Ֆիլիպովկա գյուղերից Կարզախ գյուղ
Ախալքալաք՝ Կորխ, Մաջադիա, Բավրա, Մուրջախեթ և Չամդուրա գյուղերից:
Հարցին, թե որքանով են տրանսպորտային միջոցները համապատասխանում անվտանգության չափանիշներին, Վալերի Ստելմաշովն ասաց.
«Եթե չափանիշներ որոնենք ընդհանրապես ոչ մեկին չենք գտնի, քանի որ այդպիսի ավտոբուսներ մենք չունենք: Բավարարվում ենք մեր ունեցածով»:
Մունիցիպալիտետը նաև Կրթության նախարարության կողմից աշակերտների տեղափոխման համար հայտարարված կոնսոլիդացված տենդերում չներառված երեք դպրոցների աշակերտներին է ներառել այդ ուղղություններով տեղափոխման ցուցակի մեջ: Կարտիկամ, Բալխո և Լոմատուրցխ գյուղերից աշակերտներին պետք է տեղափոխել այլ գյուղեր և Ախալքալաքի դպրոցներ:
Համաձայն կանոնակարգի, փոխադրումը ենթադրվում է, եթե հեռավորությունը 3 կմ է:
«3 կմ-ից պակաս հեռավորության դեպքում մենք իրավունք չունենք ֆինանսավորելու, չնայած մեր պայմաններում 2 կմ-ը նույնպես շատ է, քանի որ ճանապարհներն անցնում են անմարդաբնակ վայրերով, դաշտերով: Մենք դիմել էինք նախարարությանը, որպիսի բացառության կարգով թույլ տան, բայց մերժեցին, ասում են կարգն այդպես է », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Շուշան Շիրինյան