Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում «Եվրոպական Վրաստան» և «Լելո» երկու ընդդիմադիր կուսակցությունները միավորվելով ստեղծել են «Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցությունը։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Նելսոն Ալեքսանյանի խոսքով, խմբակցությունն արդեն ստեղծվել է, մնում է այս մասին տեղյակ պահել Սակրեբուլոյի պատգամավորներին լիագումար նիստի ժամանակ։ Խմբակցության նախագահն է Աբրահամ Կարապետյանը, տեղակալը՝ Զաքար Զաքարյանը, իսկ քարտուղարը՝ Նելսոն Ալեքսանյանը։
«Եվրոպական Վրաստան-Լելո» խմբակցությունում «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից ընդգրկված է երկու պատգամավոր՝ Նելսոն Ալեքսանյանը, Աբրահամ Կարապետյանը, ինչպես նաև «Լելո» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանը։
«Միասնական ազգային շարժում» կուսակցության երկու ընդդիմադիր պատգամավորները չեն ընդգրկվել այս խմբակցությունում և առանձին էլ չեն կարող խմբակցություն ստեղծել, քանի որ խմբակցությունը ստեղծվում է առնվազն 3 պատգամավորի դեպքում։
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Ախալքալաքի նոր գումարման Սակրեբուլոյի պատգամավոր Շիրվան Շիրինյանը տեղյակ չէր ընդդիմադիր խմբակցության ստեղծման մասին, նրա խոսքերով, այս լուրի մասին նա տեղեկացավ մեզանից։
«Ես նույնիսկ չգիտեի այդ մասին»,- ասաց Շիրվան Շիրինյանը։
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ինքն անդամագրվի այս խմբակցությանը, նա պատասխանեց, որ դեռ դրանում իմաստ չի տեսնում։