Համարյա 3 ամիս անց, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական ինքնակառավարման թափանցիկության վարկանիշում արժանացավ վերջին հորիզոնականին, ինչը պայմանավորված էր նոր կայքի անկազմակերպ աշխատանքով, հիմա կայքն արդեն պարբերաբար հրապարակում է նորություններ, լրացնում է հանրային տեղեկատվության բաժինները, սակայն դեռ անելիքներ շատ կան, որպեսզի այն ծառայի իր նպատակներին:
2019-ի հուլիսի 2-ին «Տեղական ինքնակառավարման վարկանիշ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակեց զեկույց, ըստ որի երկրի 64 շրջանների միջև Ախալքալաքի մունիցիպալիտետն իր աշխատանքի թափանցիկության առումով գտնվում էր վերջին տեղում: Մունիցիպալիտետի քաղաքապետարանից այդ ժամանակ բացատրեցին, որ պատճառն այն է, որ մոնիտորինգի ենթարկվող քաղաքապետարանի պաշտոնական կայքը գործարկվել է համեմատաբար վերջերս՝ տեղական իշխանությունների աշխատանքի թափանցիկությունը ստուգելուց հետո:
Մոնիտորինգի զեկույցի հրապարակման պահից անցել է երեք ամիս: Jnews- ը որոշեց տեսնել, թե ինչպես է աշխատում կայքն այսօր:
Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքում՝ akhalkalaki.ge-ում, որն հասանելի է հայերեն և վրացերեն լեզուներով, զեկույցից հետո, Սակրեբուլոյի և Քաղաքապետարանի աշխատակիցների մասին տեղեկություններ են հայտնվել: «Նորություններ» բաժնում երկու լեզուներով առանձին տեղադրվում են Սակրեբուլոյի և Քաղաքապետարանի նորությունները:
«Օրենսդրություն» բաժնում կա երկու ենթաբաժին՝ «Իրավական ակտեր» և «Պատգամավորների հաշվետվություններ»: «Իրավական ակտեր» բաժնում, ինչպես կայքի հայալեզու, այնպես էլ վրացալեզու բաժիններում տեղեկատվությունը հրապարակված է վրացերենով: Տեղադրված են 2019 թվականի բյուջեում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթղթերի պատճենները, ծրագրերի ընտրության, «Օժանդակություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախագծերի մեջ կատարվող փոփոխությունների մասին, Վրաստանի տարածաշրջանային ֆոնդից ֆինանսավորվող և 2019թ Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվելիք նախագծային առաջարկներին հավանություն տալու և այլ իրավական ակտեր:
«Պատգամավորների հաշվետվություններ» բաժնում կցված զեկույցների պատճենները նույնպես վրացերենով են:
«Բյուջե» բաժինն ունի 4 ենթաբաժին՝ «Նախագծեր», «Ճշտումներ», «Հաստատումներ» և «Կատարումներ»:
«Նախագծեր» ենթաբաժնում որևէ տեղեկություն չկա, քանի որ մունիցիպալիտետը նախագծեր չի իրականացնում: «Ճշտումներ» ենթաբաժնում կան 2019 թվականի բյուջեի փոփոխությունների մասին որոշումները:
Այս տարի, ըստ կայքի, 2018 թվականի դեկտեմբերի 18-ից առ այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի 2019 թվականի բյուջեում 6 փոփոխություն է մտցվել:
«Բյուջե» ենթաբաժնում կայքի թե հայերեն, և թե վրացերեն մասերում բյուջեն վրացերենով է:
«Կատարումներ» ենթաբաժնում դեռ ոչինչ գրված չէ:
Սպորտ, Տուրիզմ, Արտադրություն, Շինարարություն, Տրանսպորտ, Բանկեր, Առևտրի կենտրոններ, Գյուղատնտեսական շուկան, Ժողովրդական ստեղծագործություն, Ժողովրդական տոներ, Առողջապահական օբյեկտներ, Սոցիալական ապահովության քաղաքականություն, Մանկապարտեզներ, Դպրոցներ և քոլեջ, Թատրոն, թանգարան, կինո և այլ սյունակները նույնպես դեռ դատարկ են:
Կայքի հայալեզու բաժնի Գյուղատնտեսության, էներգետիկա սյունյակներում տեղեկությունը վրացերենով է:
Հայերենով է տեղեկատվությունը հետևյալ ենթաբաժիններում՝ Հիդրոգրաֆիա, Բույսեր և կենդանիներ, Բնահող, Օգտակար հանածոներ, Աշխարհագրական դիրքը և ռելիեֆը:
Մենք Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքն ուսումնասիրել ենք սեպտեմբերի 25-ի երեկոյան, կայքը գտնվում է փոփոխությունների փուլում, և մեր տրամադրած տվյալները հնարավոր է ենթարկվեն փոփոխության:
Ըստ Քաղաքապետարանի Հանրության հետ կապերի մասնագետ Արմեն Գրիգորյանի, իրենք թարգմանությունների խնդիր ունեն, և որպեսզի կայքը պատշաճ աշխատի, հարկավոր է ունենալ մի ամբողջ աշխատախումբ:
«Այժմ թարգմանության պրոցեսում է գտնվում «Բարձրալեռ կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը: Աստիճանաբար մենք թարգմանում ենք: Եթե հիմա նորից հաշվարկեին ինդեքսը, ապա մենք առաջինը կլինեինք: Մեր փոքրիկ բյուջեով մեր արածը շատ լավ է: Մեզ բյուջեով շատ քիչ է հատկացված, ընդամենը երկու աշխատող: Մենք միաժամանակ հրապարակում ենք նորությունները և պատրաստում մնացած տեղեկատվությունը », – ասում է Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա, թափանցիկության վերաբերյալ զեկույցը պատրաստող «Տեղական ինքնակառավարման վարկանիշ» ոչ կառավարական կազմակերպությունը նրանց որևէ հանձնարարականներ չի տվել:
«Մենք նրանց հետ որևէ կապ չունենք, և նրանք հիմք չեն հանդիսանում մեզ համար, որպեսզի մենք աշխատենք նրանց կարգադրություններով», – ասաց Արմեն Գրիգորյանը:
Կայքի հիմնական գործառույթներից մեկը, տեղեկատվությանը զուգահեռ, հասարակության հետ կապն է, տեղական իշխանությունների ներկայացուցիչների բնակչության հետ շփման հնարավորությունը և հակառակը: Այնուամենայնիվ, կայք մտնողները շատ չեն: Օրվա երկրորդ կեսին կայքն ունենում է մինչև 10 այցելու (ըստ մեր 4-5 օրվա դիտարկումների):
Արմեն Գրիգորյանը շատ է զարմանում, որ իրենց նամակներ չեն գրում, սակայն հետո նա դա բացատրում է հետևյալ կերպ.
«Ես նրանց ինչ-որ չափով հասկանում եմ: Ով երիտասարդ է, նրանք շփվում են մեզ հետ, իսկ ովքեր տարիքով են չունեն համացանց, էլեկտրոնային փոստ կամ չեն կարողանում դրանցից օգտվել », – ասում է Արմեն Գրիգորյանը:
Նոր կայքի ողջ գոյության ընթացքում մունիցիպալիտետը ստացել է ընդամենը մեկ էլ. նամակ, և այդ նամակը ստացվել է հենց այն օրը, երբ մենք քաղաքապետարանում էինք և զրուցում էինք Գրիգորյանի հետ:
Jnews- ը, մունիցիպալիտետի կայքում ինտերակտիվ համակարգը ստուգելու համար, սեպտեմբերի 20-ին նամակ ուղարկեց, և այդ պահին ծանուցում ստացանք, որ նամակն ընդունված է: Բայց, ըստ Արմեն Գրիգորյանի, նրանք չեն ստացել այդ նամակը:
«Տեղական ինքնակառավարման վարկանիշը» գալիք տարում չի պատրաստվում ուսումնասիրությոն կատարել, դա ծրագիր էր, որը ֆինանսավորվել է «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից: Մունիցիպալիտետի աշխատանքի թափանցիկության վերաբերյալ ուսումնասիրություն անցկացվել է 2017 և 2019 թվականներին:
«Հիմա ես չգիտեմ, թե երբ կլինի շարունակությունը: Կարծում եմ, որ հաջորդ ուսումնասիրությունը կլինի երկու տարի հետո », – ասում է մոնիտորինգին մասնակցած MSDC կազմակերպության ներկայացուցիչ Կոկա Գիգուրաձեն:
Շուշան Շիրինյան